Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղարը մեկնաբանել է թուրքական մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի Երեւանում գտնվող «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչին ձերբակալել են:
ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց, որ այսօր առավոտյան Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ Թունա Բեքլեւիչն ու Բայբարս Օրսեքը հայտարարել են, թե հատել են հայ-թուրքական սահմանը, որի կապակցությամբ նրանք հրավիրվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան: Այնուհետ, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը:
Այսօր, սակայն, թուրք գործիչները, ասուլիսում պնդել են, որ հատել են հայ-թուրքական սահմանը եւ ռուս սահմանապահները դա շատ լավ գիտեն:




























