Մարդկանց առեւտրի զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներն են։ Այդուհանդերձ, վերջերս սկսել է աճել նաեւ այն տղամարդկանց թիվը, որոնց շահագործում են որպես ստրկական աշխատուժ կամ էլ ստիպում, որ զենք վերցնեն ու կռվեն։ Այս մասին ասվում է մարդկանց առեւտրի մասին Համաշխարհային զեկույցում, որը պատրաստել են ՄԱԿ թմրադեղերի ու հանցավորության հարցերով վարչության փորձագետները։ Փատաթուղթը Նյու Յորքում ներկայացրել է վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը։ ՄԱԿ-ի ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է այն հիմնական միտումների մասին, որոնք բացահայտվել են հետխորհրդային տարածքում։

«Հիմնական միտումն այն է, որ մարդկանց առեւտրի զոհերի մեջ աճում է տղամարդկանց քանակը։ Երկրորդ միտումն այն է, որ հետխորհրդային տարածաշրջանում խտանում են հոսքերը։ Օրինակ Ռուսաստանն ու Ղազախստանը նման աշխատանքի խոշորագույն «սպառողներն են»,- ասել է նա։