Ինչպե՞ս ենք մենք տնօրինում մեր ազատ ժամանակը ու ինչքա՞ն ազատ ժամանակ ունենք։ Այս հարցի պատասխանը որոշել են պարզել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետները։ Նրանք նախ նշել են, որ ազատ ժամանակ ասելով՝ հասկանում են սպորտով ու նախասիրությամբ զբաղվելու, կամավորականի աշխատանք անելու, ուրիշներին օգնելու, շփվելու, ժամանցային միջոցառումներ հաճախելու, խաղալու, կարդալու, հեռուստացույց դիտելու, հանգստանալու ժամանակը։
Եվրոպական ինը երկրներում անցկացված հարցումը ցույց է տվել, որ տոները, հանգստյան օրերն ու արձակուրդը ներառյալ, մենք միջինը աշխատանքից հանգստանում ենք օրական 4-6 ժամ։ Ազատ ժամանակի ամենաբարձր ցուցանիշը Սերբիայում է ՝ 6 ժամ 10 րոպե։ Ամենացածրը Բելառուսում՝ 4 ժամ 16 րոպե։ Նաեւ պարզվել է, որ բոլոր ինը երկրներում տղամարդիկ ավելի շատ ազատ ժամանակ ունեն, քան կանայք։ Թուրքիայում 9 րոպեով, իսկ Սերբիայում 11 րոպեով շատ։ Թե կանայք, թե տղամարդիկ նախընտրում են ազատ ժամանակ հեռուստացույց դիտել, համացանցում որեւէ բան դիտել, կամ խաղալ։ Դրան է հատկացվում ազատ ժամանակի կեսը։
Բելառուսից, Սերբիայից ու Թուրքիայից բացի հարցումն իրականացվել է Մակեդոնիայում, Հունաստանում, Ղրղզստանում, Լյուքսեմբուրգում, Լեհաստանում ու ԱՄՆ-ում։





























