2017 թվականին Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ չեն լինի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետեկամուտների կոմիտեն:

«Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին, լուրեր էին հրապարակել, թե 2017-ի հունվարի 1-ից փոփոխություններ կլինեն նաև ՀՀ ավտոմեքենաների ներմուծման ընթացակարգերում: Այդ առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հրապարակումների մեջ նշված սահմանափակումները, համաձայն «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով հաստատված անցումային դրույթների 48-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կողմից կկիրառվեն 2020թ. հունվարի 1-ից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հայկական ժամանակ» թերթն այս առնչությամբ գրել էր. «Ռուսական լրատվամիջոցները լեցուն են 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով: Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է:

Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր լրատվամիջոցները նշում են, թե նոր կարգը տարածվում է նաեւ ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն: Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերում են նաեւ մեզ: Ըստ հրապարակումների, ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին:

Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ», ինչի համար համապատասխան լաբորատորիայում այդ մոդելից երեք օրինակ պետք է ենթարկվի ուղիղ եւ կողային ուժեղ հարվածների, ինչպես նաեւ անցնի թեսթ «շուռ գալու» սցենարով: Ռուսական ԶԼՄ-ներում առկա այս հրապարակումներում նշված պնդումների վերաբերյալ հարցում ենք ուղարկել կառավարությանը եւ առաջիկայում սպասում ենք դրա պատասխանին, թե արդյոք նշված սահմանափակումը տարածվո՞ւմ է նաեւ դեպի Հայաստան մեքենաների ներկրմանը»: