ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ելույթ կունենա Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ հակամարտության կարգավորման թեմայով։ Ակնկալվում է, որ Պետդեպարտամենտում իր ելույթի ժամանակ Քերին կանդրադառնա այն քննադատություններին, որոնք հնչում են պաղեստինյան գրավյալ տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցման դեմ ՄԱԿ-ի բանաձեւի քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալու՝ ԱՄՆ որոշման կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այդ քայլը , որը ձեռնարկվել է Բարաք Օբամայի նախագահության վերջին օրերին, բուռն վրդովմունք է առաջացրել իսրայելական առաջնորդների, նաեւ ամերիկացի կոնգրեսականների շրջանում՝ թե հանրապետական ,թե դեմոկրատ։
Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նորից քննադատել է Օբամայի վարչակարգին․ «Մենք չենք կարող այսուհետ էլ թույլ տալ, որ Իսրայելի հանդեպ նման քամահրական ու անհարգալից վերաբերմունք լինի։ Առաջ, ի դեմս ԱՄՆ-ի, այդ երկիրը լավ ընկեր ուներ , բայց հիմա ՝ ոչ։ Դիմացի՛ր Իսրայել, հունվարի 20-ը մոտենում է»։
Իսրայելի առաջնորդներն էլ Քերիի ելույթին նախապես են արձագանքել։ Հասարակական անվտանգության նախարար Էրդան Գիլադն այդ ելույթն անվանել է «խղճուկ քայլ»։





























