Ամանորին ընդառաջ Բաքուն դիմել է սադրանքի. վերջին մեկուկես տարվա մեջ առաջին անգամ` դիվերսիոն ներթափանցման փորձ է արել Հայաստանի հետ սահմանին։

Դեկտեմբերի 29-ի առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը վաղ առավոտյան հարձակվել է Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի վրա։

Հայաստանի զինված ուժերը պատասխան գործողությունների են դիմել։ Կեսօրի դրությամբ դեռ շարունակվում էր մարտը հակառակորդի հետ՝ դիպուկահարների և նռնականետերի կիրառմամբ։

Կեսօրին հայտնի դարձավ, որ հարձակման հետևանքով հայկական կողմը ունի երեք զոհ՝ երկուսը՝ ժամկետային զինծառայող, մեկը՝ սպա։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ժամկետայինները սպանվել են լվացվելիս, սպան՝ իր զինվորներին օգնության հասնելիս։

Արդեն 12։30 ՊՆ հայտարարեց, որ հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով մարդկային կորուստներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զոհերը յոթն են։ Ընդ որում՝ դիվերսանտներից մեկի դին մնացել է հայկական դիրքում, ինչն ապացուցում է, որ հարձակման նախաձեռնությունը Ադրբեջանինն է եղել, և հերքում է Բաքվի այն պնդումները, թե կատարվածը, իբր, հայկական կողմի հետախուզական գործողությունների հետևանք է։ Ադրբեջանական կողմը, որն առավոտից ամեն կերպ հերքում էր միջադեպի փաստը, հայտարարեց, որ ունի մեկ անհետ կորած զինծառայող՝ Չինգիզ Սալմանօղլու Ղուրբանովը։ Խոսքը, ամենայն հավանականությամբ, այն դիակի մասին է, որը ադրբեջանցիները նահանջելիս թողել էին հայկական դիրքում։

Հայկական կողմի երեք զոհերից մեկը Երևանից է, մեկը՝ Լոռու, մյուսը՝ Շիրակի մարզից։

Ավագ լեյտենանտ 26-ամյա Շավարշ Մելիքյանը Աշոցքից էր, ծնողների միակ որդին։ Հայաստանի Զինված ուժերում պայմանագրային ծառայության էր անցել 4 տարի առաջ։ Շավարշի ընտանիքը սոցիալապես անապահով է, եկամտի միակ աղբյուրը Շավարշի աշխատավարձն էր։

Ժամկետային զինծառայող 19-ամյա Էրիկ Աբովյանը Ստեփանավան քաղաքից էր, մեկ տարվա զինծառայող։ Նրա ընտանիքը նույնպես ապրում է սոցիալապես ծանր պայմաններում։ Ծնողները գործազուրկ են, սպասում էին, որ ավագ որդին մեկ տարի անց ծառայությունից վերադառնալուց հետո աշխատի և օգնի ընտանիքին։ Էրիկի կրտսեր եղբայրը շուտով պետք է մեկնի ծառայության։

20-ամյա Էդգար Նարայանը Երևանից էր, ընտանիքի միակ արու զավակը։ 5 ամսից պետք է զորացրվեր։ Սովորում էր Ֆրանսիական համալսարանում՝ ծրագրավորողի մասնագիտությամբ։

Նշենք, որ ադրբեջանական դիվերսիոն հարձակումը խախտում է կյանքի իրավունքը պաշտպանող միաջազգային բոլոր պահանջները՝ առավելապես այն պատճառով, որ ռազմական գործողությունը իրականացրել են բնակելի գյուղի մոտակայքում, այն էլ՝ առավոտյան և ցերեկային ժամերին, ինչը խաղաղ բնակիչներին վնասելու իրական վտանգ է պարունակում։ Չնայած դրան՝ միջազգային հանրությունը այդպես էլ համարժեք չարձագանքեց միջադեպին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի գրասենյակից NEWS.am-ի հետ միայն ասացին, որ համանախագահները կապի մեջ են կողմերի հետ, իսկ ՀԱՊԿ մամուլի քարտուղարը ընդհանրապես հայտարարեց, որ հիվանդ է, «բյուլետենի մեջ» և մոտակա օրերին չի կարող ճշտել՝ ՀԱՊԿ-ը միջադեպի մասին տեղեկություն ունի, թե ոչ։ Ավելի ուշ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տարածեց հաղորդագրություն, որում, սակայն, ինչպես միշտ, չկա հասցեական հայտարարություն, միայն հերթապահ մտահոգություն է սահմանային լարվածության մասին։

Այնուամենայնիվ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական միտումներ է տեսել Բորդյուժայի հայտարարությունում. գխավոր քարտուղարը կատարվածը անվանել է սադրանք, ինչը ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու ակնարկ է պարունակում։ Բացի դրանից նա օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումը՝ ըստ էության դառնալով առաջին միջազգային կառույցի ղեկավարը, որն իր պաշտոնական՝ այն էլ գրավոր գնահատականում Արցախի մասին խոսելիս օգտագործում է «հանրապետություն» բառը։

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահող երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ սթափեցնելու բոլոր պայմանավորվածությունները արհամարհող ադրբեջանական ղեկավարությանը՝ հիշեցնելով, որ ապրիլյան ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը դեռևս հաղթահարված չէ։

Հայտնի է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը՝ 2017թ. ապրիլի 2-ին։ Սերժ Սարգսյանը հրամանը ստորագրել է այսօր։ Հիշեցնենք, որ սահմանադրական վերջին փոփոխությունների համաձայն՝ այսուհետ խորհրդարանական ընտրությունները լինելու են միակ համապետական ընտրությունները Հայաստանում։ Գործող նախագահի լիազորությունները լրանալու են 2018թ., որից հետո Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունն ընտրելու է վարչապետ, որը լինելու է երկրի առաջին դեմքը։ Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և կսահմանի ընտրական օրենսգրքից բխող նախընտրական միջոցառումների օրացուցային պլանը, այդ թվում՝ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման և գրանցման, նաև քարոզարշավի ժամկետները։ Քարոզարշավը լինելու է մարտին։

Դոլարն ու եվրոն կրկին թանկացել են, իսկ ռուբլին հատել է 8 դրամի սահմանը: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 506, ռուբլունը՝ 8 դրամ 4 լումա, ֆունտինը՝ 593 դրամ:

Դեկտեմբերի 30-31-ին Հայաստանում սպասվում է գերազանցապես առանց տեղումների եղանակ։ 2017 թվականի առաջին օրն էլ, այդ թվում՝ Ամանորի գիշերը, հանրապետության տարածքում տեղ-տեղ թույլ ձյուն է սպասվում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, Ամանորի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։