ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ:
ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.
«Խստագույնս դատապարտում ենք այսօր Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը, որը հանգեցրել է մարդկային կորուստների։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ ծառայակիցներին։
Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլ ամսին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը: Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը։
Միջազգային հանրությունը՝ եռանախագահների միջոցով, բազմիցս կոչ է արել հարգել զինադադարը հատկապես տոնական օրերին: Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։
Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը»:





























