Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 1-ին կայացել է բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցի քննարկումը: Նա հայց էր ներկայացրել ընդդեմ Ոստիկանության, պահանջելով 1 մլն դրամ որպես բարոյական վնասի փոխհատուցում` իր անմեղության կանխավարկածը խախտելու համար:

Բանն այն է, որ դեռ մեկ տարի առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սուտ մատնություն է կատարել` Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանին մեղադրելով դպրոցի սանուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Հետագայում, սակայն, պարզվել էր, որ Սուխուդյանը ճիշտ է, նրա նկատմամբ քրգործը կարճվել էր, իսկ մանկապիղծ ուսուցիչը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Դատական նիստից հետո Մարիամ Սուխուդյանը լրագրողներին հիշեցրել է, որ նախ Ալիկ Սարգսյանն է իրեն հեռուստատեսությամբ հանցագործ անվանել, հետո էլ ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Սայադ Շիրինյանն է վիրավորել 20 ՀԿ-ների, որոնք ի պաշտպանություն իրեն, պահանջագիր են ներկայացրած եղել: Շիրինյանը մասնավորապես, ասել է. «Այդ պահանջագիրը  զուգարանի  թուղթ  է, նա հանցագործ է, այ կգաք դատարանի դեմը կչոքեք, կխնդրեք, որ կարճենք հանցագործի նկատմամբ մեղադրանքը»:

«Քանի դեռ չկա նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, հետեւապես որեւիցե անձ իրավունք չունի նրան հայտարարելու իբրեւ հանցագործ: Դրանով ոստիկանապետը ոչ միայն իմ անմեղության կանխավարկածն է խախտել, այլ նաեւ ուղղորդել է նախաքննական մարմնին, դա ավելի լուրջ հարց է: Դրա համար էլ ես որոշեցի տրամաբանական  ընթացք տալ այս գործին: Այդ քայլը իրենց համար էլ է լավ, որովհետեւ ոստիկանության  իմունիտետը շատ է ընկած, եւ սա շատ լավ առիթ  է այն բարձրացնելու համար»,- ասել է Սուխուդյանը, հավելելով, որ եթե իր հայցը Հայաստանում չբավարարվի, իրենք մինչեւ Եվրոպական դատարան գնալու է:

Դատարանում որպես պատասխանող կողմ ոստիկանությունից ներկա է եղել ոստիկանության մայոր Գայանե Գասպարյանը, ով Սուխուդյանի ներկայացրած մեղադրանքին ի պատասխան լրագրողներին ասել է. «Խոսքը լրագրողական էթիկային էր վերաբերվում, որովհետեւ Սայաթ Շիրինյանը հեռախոսազրույց է ունեցել լրագրողի հետ եւ նախապես չի տեղեկացրել` այն տպագրվելու է, թե ոչ: Հայցի շրջանակներում ասեմ, որ Մարիամ Սուխուդյանի մեղավորության  վերաբերյալ  Սայաթ Շիրինյանն իր  կարծիքը չի հայտնել, այլ այն պահանջագրերի վերաբերյալ, որոնք ներկայացրել են Մարիամ Սուխուդյանին աջակցող հ/կ-ները»:

Նշենք, որ դատական նիստը տեւել է մոտ 15 րոպե եւ ապացույցների ուսումնասիրման համար հետաձգվել մինչեւ դեկտեմբերի 15-ը, ժամը 11.30-ը: