Ժոնգլյոր, ուսուցիչ, երաժիշտ. այս մասնագիտություններից բոլորն էլ հավասարապես հարազատ են 27-ամյա արգենտինահայ Էզեքիել Գիրագոսյանին, որին երեւանցիները ճանաչում են որպես թափառիկ-ժոնգլյոր, որը գումար է վաստակում փողոցում մեքենաներից փող հավաքելով։
Երեւանի խաչմերուկներում շատերին է հանդիպել, գուցե նաեւ մեքենան կանգնեցրել եւ գումար վերցրել Էզեքիելը։ Իր համար անընդհատ ճանապարհորդելու կենսակերպն ընտրած երիտասարդը Հայաստան է եկել մեկ տարի առաջ, իսկ հաջորդ ամիս պատրաստվում է շարունակել իր ճանապարհորդությունը դեպի Ասիա՝ Իրան, Հնդկաստան, գուցե՝ Թայլանդ, Մալայզիա, Չինաստան։
Հայաստանում Էզեքիելն ապրում է ընկերների հետ, իսկ ամառվանից սկսած գումար է վաստակում Երեւանի տարբեր խաչմերուկներում ժոնգլյորություն անելով եւ Հյուսիսային պողոտայում եղբոր հետ հարվածային գործիքներ կամ կիթառ նվագելով ու երգելով։
Նրա խոսքով՝ ի տարբերություն փողոցում այլ աշխատողների՝ ինքը փորձում է դա անել ուրախ, իրենց սովորական առօրյայով ապրող մարդկանց սովորականից տարբեր, ուրախ բան մատուցելով։
Էզեքիելը ժոնգլյորություն սովորել է Հարավային Ամերիկայում, երբ 4 տարի առաջ ընկերների հետ ճանապարհորդել է Բոլիվիայում, Պերուում, Արգենտինայում, Չիլիում։
Երիտասարդը պատմում է, որ այս երկրներում ժոնգլյորությամբ գումար վաստակելը նորմալ է ընդունվում՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ դա դիտվում է որպես մուրացկանություն, բայց Էզեքիելին մարդիկ լավ են վերաբերվում. ոմանք փող են տալիս, ոմանք էլ ժպտում են, ասում են՝ «լավա, շնորհակալություն»։
Չնայած մարդկանց ոչ միանշանակ վերաբերմունքին՝ Էզեքիելը սիրում է իր աշխատանքը. կարեւորը, որ ժոնգլյորությամբ եւ նվագելով վաստակած գումարը բավականացնում է ճանապարհորդելու համար։
Նա Արգենտինայում դասավանդել է դպրոցում, մանկապարտեզում, գումար է վաստակել ուսուցանելով։ Նույն աշխատանքը կամավոր հիմունքներով արել է մայրաքաղաքում և Գյումրիում, այժմ էլ կամավորական աշխատանք է անում Հացիկ գյուղում, երեխաներին արվեստի եւ անգլերենի դասեր է տալիս։
Էզեքիելի հոր ընտանիքը 90 տարի առաջ Հայաստանից գնացել է Արգենտինա, մայրը իտալուհի է։ Անցած տարի նա առաջին անգամ եկել է Հայաստան, քանի որ կարևոր է համարում իմանալ, թե որտեղ եւ ինչպիսին է հայրենիքը։ Ծրագրում է գնալ նաև Իտալիա։
Էզեքիելի պատկերացումները Հայաստանի մասին տարբեր են եղել իրականությունից. իր պատկերացրած մեծ, շատ քաղաքներ ունեցող հայրենիքի փոխարեն տեսել է ավելի փոքր, բայց եւ գողտրիկ հայրենիք, որը, նրա խոսքով, «հաստատ ավելի սիրուն է, քան մտածել է»։
Մինչև Հայաստան գալը արգենտինահայ տղան քիչ տեղեկություններ է ունեցել մեր երկրի մասին։ Այստեղ եղած ամիսներին հասցրել է սովորել հայերեն, ծանոթանալ Հայաստանի պատմությանը, արվեստին ու մշակույթին։ Գիտի Թումանյանի մասին, բայց չի հասցրել կարդալ ստեղծագործությունները, դեռ դժվարանում է կարդալ հայերեն։
Երեք ամիս ապրել է Գյումրիում, 3 ամիս՝ Երևանում, եղել է Արցախում եւ Հայաստանի տարբեր շրջաններում։ Բայց Հայաստանում ամենաշատը սիրել է մարդկանց, որոնք «միշտ ուզում են խոսել, ուզում են իմանալ՝ ինչու է եկել Հայաստան», եւ հատկապես երեխաներին, որոնք «շատ խելացի են, ջերմ ու բարի»։











