Հաագայի քաղաքապետը նամակով հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, ըստ որի, ինքն, իբր, մերժել է Հաագայում Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրելու դիմումը:
«Ցավոք սրտի, հեղինակություն վայելող թերթերից մեկում (http://www.today.az/news/politics/74347.html) կարդացի, որ ես անձամբ մերժել եմ հուշարձանի տեղադրումը` հիմնվելով Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական մշակութային միության (NATCV) կողմից հավաքած եւ ներկայացրած 20 000 ստորագրության վրա` ընդդեմ հուշարձանի տեղադրման: Ես շատ եմ ցավում կեղծ հրապարակումների համար եւ տեղեկացնում եմ, որ Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական մշակութային միության կողմից ներկայացված ստորագրությունները չեն ընդունվել, բացի այդ` հարցի շուրջ քննարկումների ընթացքի մասին երկու կողմն էլ պարբերաբար տեղեկացվել են ինչպես նամակի, այնպես էլ հեռախոսազրույցների միջոցով»,- ասված է Հաագայի քաղաքապետ Ջ.Ջ. վան Աարցենի նամակում:
Նամակում նաեւ ասվում է, որ Հաագայի գործադիր իշխանության վերոնշյալ որոշումը կայացվել է դեռ ամառվանից առաջ, եւ նշվում է, որ 2001թ-ին Նիդերլանդների Ասսեն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան արդեն տեղադրվել է:
Այսուամենայնիվ, հոլանդահայ կազմակերպությունները` Հոլանդահայ Ֆեդերացիան եւ Հայ Դատի Հանձնախումբը, գոհ չեն քաղաքապետի փաստարկներից հուշարձան չտեղադրելու առնչությամբ եւ այժմ խորհրդակցում են հետագա քայլերի մասին:





























