«Ամերիաբանկը» երկու նոր ծառայություն է սկսում մատուցել հայաստանյան բանկային շուկայում։ Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած ասուլիսում նշեց «Ամերիաբանկի»  կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը։ Այդ նոր ծառայություններն են՝ գնման պատվերի ֆինանսավորումն ու դասական ֆակտորինգը։ Գնման պատվերի ֆինանսավորմամբ բանկը հնարավորություն է տալիս մատակարարման պայմանագիր ունեցող ընկերություններին գրավի փոխարեն ներկայացնել պայմանագիրը։ «Այս դեպքում փաստորեն գրավը դառնում է հենց մատակարարման պայմանագիրը, որը կարող է լինել հումքի, կիսաֆաբրիկատների եւ այլ ապրանքների մատակարաման մասին»,- ասաց Արեւշատյանը։

Դասական ֆակտորինգի դեպքում բանկը պատրաստ է ձեռքբերել մատակարարների ունեցած դրամական պահանջները 11 ընկերությունների հանդեպ՝ վճարելով մատակաարված ապրանքի զեղչված արժեքը։ Զեղչի տոկոսը կկազմի 14 տոկոս:  «Ամերիաբանկի» կողմից հայտարարած 11  ընկերությունների թվում են Զանգեզուրի պաղնձամոլիբդենային կոմբինատը, «ԱրմենՏելը», Հայաստանի էլեկտրական ցանցերը, Երեւանի կոնյակի գործարանը, «Հայռուսգազարդը», «Ղ-Տելեկոմը» եւ այլն։

Արեւշատյանը նշեց, որ երկու նոր ծառայությունների տրամադրման դեպքում հաշվի է առնվելու ընկերությունների վստահելիության աստիճանը։ «Ըստ էության՝ բանկը առանց գրավի վարկ է տրամադրելու, եւ բնականաբար վստահելի ընկերությունների ենք ընտրելու»,- ասաց Արեւշատյանը՝ ընդգծելով, որ ներկայումս նոր ծառայություններից կարող են օգտվել Հայաստանի ռեզիդենտ ընկերությունները։