Քանի որ իշխող վարչակազմը ընտրություններով չի եկել իշխանության, այլ տեղի է ունեցել իշխանության ուժային զավթում, հետեւաբար այդ նույն իշխանությունը երբեւիցե ընտրություններով չի հեռանալու։ Նման տեսակետ է հայտնել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը` նոյեմբերի 4-ին «Համակարգային փոփոխություններ. համապետական ընտրություններո՞վ, թե` ոչ» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, եթե ընտրությունների մեխանիզմը իշխանության վերարտադրության համար է գործում, ապա ի՞նչ իմաստ ունի հանդես գալ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջով։ «Մեզ մոտ առկա է մի մտավախություն, որ եթե ինչ–որ բան ցանկանում ենք փոխել ոչ ընտրություններով, ապա այն արագ կերպով որակվում է որպես ոչ ժողովրդավարական ճանապարհով իրականացվող քայլեր։ Դա չէ իրականությունը»,- նշել է Բալանյանն ու հավելել. «Համակարգային փոփոխությունների իրականացումը եւ իշխանափոխությունը ոչ ընտրություններով, նշանակում է ուղղակի ժողովրդավարություն եւ դա է պատճառը, որ իշխանությունը վախենում է այս հարցադրումից»:
Ըստ բանախոսի, պետք չէ խուսափել կամ խուսանավել նման հարցադրումից եւ եթե մենք կրկին անգամ գնում ենք արտահերթ կամ հերթական համապետական ընտրությունների, դա ընդամենը ինքնախաբեություն է։
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը շեշտում եւ բարձրաձայնում է ժողովրդավարության եւ ընտրությունների ուղղակի տեսական եւ կիրառական կապի մասին, եւ ելքը տեսնում է ընտրություններով երկրում ժողովրդավարություն հաստատելու մեջ, ուղղակի մոլորեցնում է ընդդիմադիր զանգվածին։ Այսպիսի մոտեցումը շեղում է քաղաքական գործիչներին, կազմակերպություններին, ժողովրդին բուն կազմակերպչական աշխատանքից, որի իրականացման դեպքում կլինի ոչ միայն իշխանափոխություն, այլ նաեւ առաջին հերթին համակարգային փոփոխություններ։ Մեր խնդիրն է այնպիսի կառույցների ստեղծումը, որը պատրաստ կլինի երկրում ստեղծվելիք ժողովրդավարությանը, այլ ոչ ընտրություններին, ինչպես որ այս մասին խոսում են որոշ քաղաքական ուժեր եւ գործիչներ։
Իսկ իշխանությունը զավթած անձիք ընտրությունները իրենց համար դիտում են որպես լեգիտիմացման միակ ճանապարհ, ընդունված միջազգային խաղի կանոնների սահմաններում։
Այդ դեպքում հարց է առաջանում, թե մենք, ընդդիմադիր դաշտում գտնվողներս ինչի՞ համար պետք է մտնենք այն խաղի մեջ, որի հեղինակները եւ գլխավոր դերակատարները հենց իշխանություններն են, առավել եւս, որ այդ խաղի արդյունքը ի սկզբանե պարզ է»,-ընդգծել է նա:





























