Հայաստանի օրենսդրությունում կամրագրվեն հոգեկան հիվանդների ոչ միայն իրավունքները, այլեւ պարտականությունները: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի նոր խմբագրված օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Առաջարկվում է օրենքը վերաշարադրել՝ հաշվի առնելով հոգեկան շեղումներով անձանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Կոնվենցիայով պաշտպանվում է բացի դատարանի որոշմամբ՝ հոգեկան հիվանդների կամքին հակառակ չհոսպիտալացնելու, հասարակության եւ ընտանիքի մեջ ապրելու իրավունքը, կրթության, տրանսպորտի հասանելիության, տեղեկատվություն ստանալու, զբաղվածության եւ սոցիալական արդարության իրավունքը:

Իրավունքների հետ մեկտեղ օրինագծում շարադրվում են հոգեկան հիվանդների պարտականությունները, քանի որ նրանցից շատերը գիտակցում են, թե իրենց շուրջն ինչ է տեղի ունենում: Առաջարկվում է հստակեցնել ե՛ւ հոգեբույժների իրավունքները, ե՛ւ հիվանդների ու նրանց մասին տվյալների հաշվառման կարգը:

Առաջարկվում է հիվանդի կամքին հակառակ բուժման վերջնական ժամկետ սահմանել 6 ամիսը: Այն կարելի է երկարացնել միայն դատարանի որոշմամբ: