ՄԱԿ–ը, Աֆրիկյան միությունը, Երվամիությունը, ինչպես նաեւ Եթովպիան, Իտալիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները ողջունել են Սոմալիում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները եւ շնորհավորել ընտրված նախագահ Մոհամեդ Աբդուլահ Մոհամեդին, որը նաեւ հայտնի է Ֆարմաջո անունով։
Ընտրությունները Սոմալիում կայացել են փետրվարի 8–ին։ Քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանի պատգամավորները։ Անվտանգության նկատառումներից ելնելով նրանք քվեարկել են մայրաքաղաք Մոգադիշոյի միջազգային օդանավակայանի անգարում։
Միջազգային հանրությունը շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Հասան Շեյխ Մահմուդին եւ նրա կառավարությանը՝ վերջին 4 տարիների ընթացքում երկրում արձանագրված հաջողությունների եւ իշխանության խաղաղ հանձնմանը մեծապես նպաստած տպավորիչ հրաժեշտի ճառի համար։
Նորընտիր նախագահին հղած համատեղ հայտարարության մեջ ասված է, թե Սոմալիի ժողովուրդը հույս ունի, որ նոր նախագահին կհաջողվի անհրաժեշտ միջոցները ձեռնարկել երաշտի հետ կապված խորացող ճգնաժամը հաղթահարելու եւ երկրում սովի վերադարձը կանխելու համար։




























