Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (ԺՈՒԿ) հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ կոչ անում իշխանությանը ազատել ժողովրդին իրենց «անբար» ներկայությունից: ԺՈՒԿ-ի հայտարարության մեջ ասվում է.
«Արդեն որերորդ անգամ Հայաստանում իշխանությունը բռնազավթած քրեաօլիգարխիկ ռեժիմը, ցույց է տալիս իր հանցավոր դեմքը:
Ճղճիմ նկրտումներով` սարսափի ալիքի տակ, կալանավայրերում պատանդ պահվող մեր ընկերներին ճնշելու նպատակով եւ անմարդկային քայլերի միջոցով սրանք ցանկանում են ծնկի բերել գաղափարական պայքարի դուրս ելած, երկրում համակարգային փոփոխությունների մղումով ոտքի կանգնած, ժողովրդավարությունը վերականգնել ձգտող մեր հասարակության ոսկե ներկայացուցիչներին:
Վերջին դեպքերը, կապված «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ, հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ ռեժիմը կառչել է վերջին փրփուռներից եւ ամեն ինչ անում է, որպեսզի ներման խնդրագիր կորզի մեր պայծառ երիտասարդից: Սակայն նրանց ջանքերն ի դերեւ են, զուր են եւ սնանկ:
ՈԳԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԿՈՏՐԵԼ:
Հեռացե՛ք ու ազատե՛ք մեր ժողովրդին ձեր անբարո ներկայությունից:
Հավատացեք, սա կլինի ձեր մարդկային դիմագիծը փրկելու միակ ուղին, եթե իհարկե գեթ մի քիչ մնացել է ձեր մեջ դրանից...
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը պահանջում է.
ուշքի գալ իշխանություններին ու վերջ տալ մեր երկրի վարկն ու բարի համբավն արատավորելուն եւ Հանրապետության ճակատագրի հետ խաղալուն:
Անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերջապես բացահայտել եւ պատժել 2008թ. մարտի 1-ին իրականացրած սպանդի իրական մեղավորներին»:





























