Ամերիկայի Հայկական Համագումարը թողարկել է մի տեսություն 2010 թվականի միջանկյալ ընտրությունների վերաբերյալ: Համագումարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարվա պատմական ընտրությունները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բերեցին ուժերի կտրուկ փոփոխման, երբ հանրապետականները պալատում գրավեցին շուրջ 60 տեղ. սա հանրապետականների ամենամեծ հաղթանակն է` սկսած 1938 թվականից: 1914 թվականի Սենատորների ուղղակի ընտրություններից հետո առաջին անգամն է նաեւ, երբ ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը փոխվեց, իսկ Սենատինը` ոչ:
Ինչ վերաբերում է հայկական խնդիրներին, ապա Հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսական խմբի 95 տոկոսը հաղթեց ընտրություններում եւ վերադառնալու է կոնգրես, ինչը Հայաստանի կոնգրեսական բարեկամների ջախջախիչ հաղթանակի ապացույցն է:
Քանի որ Ներկայացուցիչների պալատի ներկա փոքրամասնության առաջնորդ Ջոն Բոեները հաջորդ տարի դառնալու է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, ապա այսօր ներկա խոսնակ Նենսի Փելոսին հայտարարեց 112-րդ կոնգրեսի փոքրամասնության առաջնորդ դառնալու իր մտադրության մասին: Նա 1995 թվականից եղել է Հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսական խմբի անդամ, ինչպես նաեւ հայկական հարցերի, ներառյալ Հայոց Ցեղասպանության հաստատման հավատարիմ աջակից:
Ըստ ցեղասպանության ճանաչման աջակիցներին վերաբերվող առանձին տեսության Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձեւի համահովանավորների շուրջ 90 տոկոսը վերընտրվեց` ապահովելով աջակցության ամուր հիմք:





























