Հայաստանի ոստիկանությունն այսօր` նոյեմբերի 9-ի կեսօրին Մեսրոպ Մաշտոց պողոտայի մի հատվածում (օպերայից մինչեւ «Սամսունգի» խանութ) տեղաբաշխել էր ներքին զորքերի մի ստորաբաժանում։ Նշենք, որ այդ ժամանակ մոտակայքում տեղի էր ունենում ԵՄ խորհրդաժողովը, իսկ մինչ այդ այդտեղով անցել էին ՀԱԿ-ի ակտիվիստները:

Ոստիկանները զինված էին սաղավարտներով, վահաններով, մահակներով, հագել էին հատուկ պաշտպանիչ հագուստ՝ ինչպես լինում է արտակարգ դեպքերում։ Նրանք շարվել էին փողոցի երկայնքով՝ մեջքով դեպի անցորդները։ Դրանում ոչ մի արտառոց բան չկա՝ երեւանցիները հաճախ են նման տեսարանների ականատես լինում ընդդիմության ակտիվության շրջանում։

Արտառոց էր մեկ այլ բան՝ այդ ոտքից գլուխ զինված ոստիկաններից մի քանիսն աղջիկներ էին, հավանաբար՝ 16-17 տարեկան։ NEWS.am-ի թղթակիցն առնվազն 3 աղջիկ-ոստիկանների առանձնացրեց։ Ընդ որում, նրանք ամբողջովին համազգեստի մեջ էին եւ միայն մոտիկից դեմքերին ուշադիր նայելով կարելի էր տարբերակել կանգնածների սեռը։

Հավանաբար՝ ոստիկանությունը հոգնել է ընդդիմության ակտիվիստներին ծեծելուց, որոշել է այս անգամ էլ ընդդիմություն-ոստիկանություն բախումն ավելի հաճելի դարձնել։ Կամ էլ գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գտնում է, որ տղամարդու համար ոչինչ ավելի ցավագին չէ, քան կնոջ ապտակը, տվյալ դեպքում՝ գավազանի հարվածը։