«Օտարալեզու դպրոցների հիմնադրման դեմ բարձրացված աղմուկն անհասկանալի է, իմ կարծիքով այդ աղմուկը մտացածին է: Եթե խոսքը ավագ դպրոցի մասին է, դա աշխարհում ընդունված բան է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: 

Անդրադառնալով դպրոցների դեմ պայքարող հասարակության մտավախությանը, թե այդ կերպ փոխվելու է երեխաների լեզվամտածողությունը, Զոլյանը նկատեց, որ եթե խոսքը մտածողության ձեւավորման մասին է, ապա դա մանկապարտեզ ու առաջին դասարան հաճախող երեխային կարող է վերաբերել, իսկ փոփոխությունը վերաբերում է միայն ավագ դպրոցին:

«Այն ինչ խոսվում է մտածողության մասին, բոլորովին այլ հարց է,  այսինքն՝ հայրենասիրական մտածողությունը դա համապատասխան դաստիարակության արդյունք է եւ միայն լեզվի միջոցով հնարավոր չէ հայրենասեր դաստիարակել»,-մեկնաբանեց ռեկտորը:

Հարցին, թե օտարալեզու դպրոցների հիմնադրումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ լեզվաբանական համալսարանի վրա,  պատասխանեց. «Իհարկե, դա նպաստելու է,  քանի որ մենք ի վիճակի կլինենք բարձրացնել կրթության մակարդակը: Հատկապես կրեդիտային համակարգը հնարավորություն է տալու ազատականացնել կրթությունը: Այն մարդիկ, ովքեր տիրապետում են բավականին լավ գործնական լեզվի, բնական է,  ի վիճակի են խորանալ այդ ոլորտում»:

Նշենք, որ օտարալեզու դպրոցների դեմ հանդես եկողները նշում են, որ օտար լեզվով կրթություն ստացողի լեզվամտածողությունը լինելու է օտար լեզվով, երեխան մտածելու եւ գործելու է օտար լեզվով, իսկ թե որքան մեծ է լեզվի նշանակությունը մարդու ինքնության հարցում, դա մեզ պատմությունն է ուսուցանել: