ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը կարող է բազմաթիվ ձերբակալկությունների հանգեցնել, այդ թվում՝ նաեւ երեխաների: Իսկ զանգվածային արտաքսումները կարող են խախտել միջազգային օրենսդրությունը: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ էլ Հուսեյնը, հաղորդում է <<ՌԻԱ Նովոստի>>-ն:
Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը ելույթ է ունեցել չորեքշաբթի օրը՝ ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդի 34-րդ նստաշրջանի ժամանակ՝ աշխարհում իրադրության մասին բանավոր հաշվետվությամբ: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների վարչությունը մտահոգված է այն հարցի շուրջ, թե ինչպես է ԱՄՆ վարչակազմը մոտենում մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք հարցերի:
«Էթնիկ խմբերի՝ մեքսիկացիների ու մուսուլմանների վարկաբեկումը, ինչպես նաեւ կեղծ հայտարարություններն այն մասին, թե ներգաղթյալներն ավելի շատ հանցագործություններ են կատարում, քան ԱՄՆ քաղաքացիները, վնասակար են եւ քսենոֆոբնիա են սերմանում: Ես նաեւ մտահոգված եմ միգրացիոն քաղաքականությամբն, որն արգելում է 90 օրով ԱՄՆ մուտքը մուսուլմանական 6 երկրների քաղաքացիների, ինչպես նաեւ այն ներգաղթյալների քանակը մեծացնող քաղաքականությամբ, որոնց անհապաղ արտաքսում է սպառնում՝ անկախ այն բանից, թե քանի տարի են նրանք ու նրանց ընտանիքներն անցկացրել ԱՄՆ-ում », — ասել է նա:
ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ նման քաղաքականությունը <<սպառնում է զգալիորեն մեծացնել ձերբակալությունների, այդ թվում նաեւ՝ երեխաների ձերբակալությունների թիվը>>:



























