Հաշմանդամների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն մարտի 20-ից մինչեւ ապրիլի 12-ը Ժնեւում կայանալիք նիստի ընթացքում կքննարկի Հայաստանում սահմանափակ հնարավորություններով մարդկանց իրավունքների հետ կապված իրավիճակը:

Կոմիտեն կքննարկի նաեւ իրավունքների պահպանումը Մոլդովայում, Իրանում, Կիպրոսում, Բոսնիա եւ Հերցոգովինայում, Հորդանանում, Հոնդուրասում եւ Կանադայում:

Նշված երկրները այն 172 երկրների թվին են պատկանում, որոնք Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել են, ուստի պարտավոր են պարբերաբար զեկույցներ ներկայացնել Կոմիտեին, որի կազմում ընդգրկված են 18 միջազգային անկախ փորձագետներ:

Ժնեւում հանդիպումների ընթացքում Կոմիտեի անդամները երկրների համապատասխան պատվիրակությունների հետ հարց ու պատասխանի նստաշրջաններ կանցկացնի: Նաեւ կունկնդրեն հաշմանդամներին ներկայացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների եւ ազգային իրավապաշտպան հաստատությունների զեկույցները: