Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրից բխող սպառնալիքի էսկալացիան վկայում է նոր մոտեցման անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Ընդ որում նա չի մանրամասնել, թե ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Թրամփի վարչակազմը։

Թիլերսոնը այդ մասին հայտնել է Տոկիոյում Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդոյի հետ բանակցություններից հետո։

«Ստացվում է մենք 20 տարի սխալ մոտեցում ենք ունեցել,- ասել է Թիլերսոնը,- Ներառյալ  նաեւ այն ժամանակաշրջանը, երբ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային 1․35 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել, որպեսզի նրան դրդի այլ ուղի ընտրել»։

«Աճող սպառնալիքի պայմաններում ակնհայտ է դառնում, որ ուրիշ մոտեցում է պետք,- հավելել է նա,- Ու տարածաշրջան իմ այցելության նպատակներից մեկն է տեսակետներ փոխանակել նոր մոտեցման մասին»։