ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այդ մասին հայտնել է ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզանը:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
«Հաց բերողը» կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ արձակվեց դեկտեմբերի 30-ին, ապա կրկին կալանավորվեց՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ:
Իրեն ազատ արձակելու պահանջով Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Նրա խափանման միջոցը փոխվեց միայն մարտի 6-ին՝ մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորության դիմաց:
Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:



























