Արդեն հինգերորդ օրն է՝ Վայոց ձորի, հատկապես Եղեգնաձոր եւ Վայք քաղաքի բնակիչները ահաբեկված խոսում են ադրբեջանցի սահմանախախտների՝ լրտեսների մասին՝ գրում է «Հրապարակ»-ը։ Որոշ տեղեկություններով՝ նրանք 3 հոգի են եղել, իսկ մյուսներն էլ պնդում են, թե ավելի շատ են եղել՝ մոտ 7 հոգի։ Ըստ քաղաքացիների, ադրբեջանցի լրտեսները սահմանը հատել են ամենայն հավանականությամբ՝ Նախիջեւանի հատվածից։ Նրանք մի քանի օր անցկացրել են Եղեգնաձորում, եղել են նաեւ Մալիշկա գյուղում։ Գերազանց տիրապետել են հայերենին, ինչը լրտեսի վարկածի դեպքում բնական է։ Եղեգնաձորցիներն ասացին, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, նրանցից 3 հոգու ձերբակալել են։ Երեկ զանգահարեցինք ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել եւ ովքեր են այդ սահմանախախտները։ ԱԱԾ մամլո խոսնակն ասաց, որ ոչինչ էլ չի եղել. «Ոչ մի լրտես էլ չկա, դրանք ընդամենը ուսումնավարժանքներ են եղել։ Ուղղակի այնքան լավ են անցկացրել, որ ժողովրդի մոտ նման տպավորություն է ստեղծվել»:

Թերթի հավաստի տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ ճանապարհի Վայք մտնող հատվածում, ինչպես նաեւ դեպի Ջերմուկ տանող ճանապարհին Ռազմական ոստիկանությունը մանրազնին ստուգում է քաղաք մտնող եւ դուրս եկող բոլոր ավտոմեքենաները։ Ստուգում են ավտոմեքենաների թափքը, մեքենայի եւ վարորդի փաստաթղթերը։ Երեւանից Վայք գնացող մի քաղաքացու հարցին, թե ինչի համար են այդ ստուգումները, ոստիկանները պատասխանել էին. «Ուժեղացված ծառայություն է, պարտադիր ստուգում են բոլոր մեքենաները»: Ռազմական ոստիկանությունից որեւէ բան պարզել չհաջողվեց։ Իսկ ԱԱԾ խոսնակը, մեր իրականությունը պարզելու փորձերից զայրացած, անջատեց հեռախոսը։ Նրա տարօրինակ պահվածքը, Եղեգնաձոր-Վայք տանող ճանապարհին զինված ռազմական ոստիկանների առկայությունը եւ տեղի բնակիչների խուճապն ու անհանգստությունը թույլ են տալիս կասկածել, թե այդ ամենն ընդամենը ԱԱԾ-ի կազմակերպած ուսումնական վարժանքներ են եղել: