ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ընթացքում անսպասելիորեն անդրադարձել է Հայաստանի հարցին եւ շատ կոշտ ելույթ է ունեցել, գրում է օրաթերթը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Փարիզից երեկ «ՀԺ»-ին փոխանցել է, որ Պրեսկոտն իր մտահոգություններն է հայտնել մեր երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ եւ նշել, որ, իր տպավորությամբ, «գործերն այդքան էլ լավ չեն ընթանում»: Պրեսկոտը խոսել է մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի մասին եւ նշել, որ իր առաջիկա այցի ընթացքում այդ հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում: Այցը սպասվում է եկող տարեսկզբին: Ջոն Պրեսկոտը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն ստանձնած պարտավորությունները: «Անգլիայի համազեկուցողի սույն ելույթը թերեւս կարելի է նախազգուշական համարել ՀՀ իշխանություների համար: Այլապես եվրոպական այդ կառույցը կանցնի սանկցիաների կիրառման»,-նկատում է թերթը:




























