Որպեսզի լիովին վնասազերծվեն հայ-թուրքական արձանագրությունները, անհրաժեշտ է, որ Հայաստանը հետ կանչի իր ստորագրությունը, որպես հիմնավորում նշելով, որ Թուրքիան անկեղծ չի եղել բանակցություններում, ինչի մասին վկայում են նախապայմանների մասին հայտարարությունները: Այդ մասին նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակ ղեկավար Կիրո Մանոյանը:
Մեկնաբանելով հայտարարությունն այն մասին, թե նախաձեռնելով հայ-թուրքական գործընթաց՝ Հայաստանի իշխանություններին հաջողվել է բարձրացնել երկրի հեղինակությունը, Մանոյանը նկատել է. «Եթե իշխանություններն սկսեցին բանակցությունները, որ հարգանք հարուցեն աշխարհի քաղաքական շրջանակներում, պետք է այդ մասին հայտարարեին առաջին իսկ օրերից: Կարծում եմ այդ քայլով իշխանությունները պարզապես լուծեցին իրենց լեգիտիմության հարցը»:
ՀՅԴաշնակցության ներկայացուցիչը հիշեցրել է, որ դադարեցնելով արձանագրությունների վավերացման գործընթացը, Հայաստանի նախագահն ասաց, որ Երեւանը դեռ հետ չի կանչի իր ստորագրությունը: «Այդ «դեռ»-ն արդեն սպառել է իրեն, եւ Հայաստանը պետք է գնա տվյալ քայլին, քանի որ հայտնվել է տուժածի կարգավիճակում, Անկարան ստացավ իր ցանկացածի 80 տոկոսը, Երեւանը ոչինչ չստացավ»:





























