Աստանայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումը լինելու է տեսակետների ճշգրտման, կարծիքների փոխանակման հերթական քայլ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 19-ին հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը: Այդ հանդիպումները, Շիրինյանի դիտարկմամբ, ԼՂ հարցը չլուծելու համար են։ «Մենք սպասում ենք, որ հարցը պետք է լուծվի, բայց հարցը չեն լուծում, որպեսզի տարածաշրջանը կարողանան կառավարել»,-ասաց նա եւ հավելեց, որ եթե աշխարհում ցնցումներ չլինեն, առկա իրավիճակը կձգվի եւս 10-15 տարի։ «Եթե մենք այս վիճակը տանենք, կարծում եմ, որ հաղթած ենք եւ հաղթած դուրս կգանք։ Բայց անընդհատ պետք է պատրաստվել պատերազմի եւ հակամարտության լուծման»։ Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանն իր խնդիրները լուծելու համար պետք է ապավինի ոչ թե արտաքին ուժերին, այլ սեփական բազկին:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշեց, որ կուլիսներում արդեն քննարկվում է ԼՂ հարցի լուծման ճանապարհային քարտեզի հարցը: «Ադրբեջանը խիստ դժգոհ է այն վիճակից, որ ստատուս քվոն պահպանվում է եւ որեւէ տեղաշարժ չկա այս ընթացքում: Եվ այդ պատճառով էլ խնդրի լուծման փուլային նոր տարբերակ է առաջ քաշում»,-հայտարարեց Բոզոյանը:
«Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքները կառուցողական չի համարում եւ առաջ է բերում նոր փուլային տարբերակ, որը չի հետաքրքրում Հայաստանին, բայց հետաքրքրում է Միացյալ Նահանգներին»,-հայտարարեց քաղաքագետը: Նա նաեւ հավելեց, որ եթե միջնորդների կողմից նախկինում նման տարբերակ առաջ չէր քաշվում, ապա այդ տարբերակի գոյությունը սկսել է հետաքրքրել ԱՄՆ-ին: Ըստ նրա՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգ կա, որ եթե մի ձեւաչափ իրեն չի արդարացնում, խնդրի լուծման չի բերում, ապա փորձում են կողքից միջամտել եւ խնդրի լուծումը նոր ֆորմատ տեղափոխել:
Ըստ Բոզոյանի՝ վերջին մի քանի տարիներին Հայաստանը բոլոր իմաստներով թուլացել է, Ադրբեջանը՝ հզորացել եւ դիվիդենտներ է պահանջում, խնդրի լուծման նոր ձեւերի մասին է խոսում, որպեսզի պատերազմ չսկսի: Իսկ Հայաստանը կարծում է, որ խնդրի լուծումը մոտ ապագայում հնարավոր չէ, եւ այսպիսով արդարացնում է իր անգործությունը: «Եթե մենք հանգիստ նստենք թախտին եւ ասենք, որ ամեն ինչ լավ է, խնդիրը ոչ մեկը չի ուզում լուծել, ապա մենք մի օր կհայտնվենք մի իրավիճակում, որում հայտնվել էինք 20 թվականին, երբ կորցրեցինք մեր պետականությունն ու տարածքների 50 տոկոսը»,-հայտարարեց Բոզոյանը:





























