Հայաստանի համար բացառիկ հետընտրական անդորրը փոթորկեց «Ծառուկյան» դաշինքի շուրջ պայթած քաղաքական սկանդալը։  Մամուլը երկար ժամանակ գրում էր, որ դաշինքի ներսում խմորումներ կան, Գագիկ Ծառուկյանը նախընտրական ցուցակի բոլոր թեկնածուներին նախապես պարտադրել է ինքնաբացարկի դիմումներ գրել,  որպեսզի կարողանա խորհրդարան մտցնել իր ցանկացած թեկնածուներին։ Մինչեւ երեկ թեկնածուները հիմնականում լռում էին՝ սպասելով Ծառուկյանի որոշմանը։ Սկանդալը պայթեց նախօրեին, երբ ԿԸՀ–ն հրապարակեց քաղաքական ուժերի՝ ինքնաբացարկի դիմում ներկայացրած անձանց անունները։ «Ծառուկյան» դաշինքից 23 այդպիսի դիմում էր ներկայացվել։

Թեկնածուները մեկը մյուսի հետեւից հայտարարեցին, որ իրենք դիմում չեն գրել՝ փաստորեն կասկածի տակ դնելով «Ծառուկյան» դաշինքի կողմից ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի իսկությունը։ Այսօր արդեն՝ պատգամավորների վերջնական գրանցման օրը, Ծառուկյանից նեղացածները անձամբ գնացել էին ԿԸՀ եւ նոր դիմումներ ներկայացրել։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում թեկնածուները բացատրել էին՝ դիմումների տակ ստորագրությունն իրենցն է, սակայն իրենք ստորագրել են դրանք մինչեւ ապրիլի 2–ը, իսկ տեղի ունեցածը խաբեություն է։

Այնուամենայնիվ, ինքնաբացարկներից հրաժարվածները խուսափում են որեւէ ուղղակի մեղադրանք հնչեցնել անձամբ Գագիկ Ծառուկյանի հասցեին։ «Ծառուկյան» դաշինքից առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել կատարվածին։ Այսպիսով՝ «Ծառուկյան» դաշինքում պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը հետ է վերցրել Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտեմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը։ Նրանցից 8–ը պատգամավորական մանդատ են ստացել։

Հիմա արդեն գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք այս պատգամավորները կլքեն «Ծառուկյան» դաշինքը եւ խմբակցության կազմում ինչպես կաշխատեն դաշինքի մյուս պատգամավորների հետ։

Ազգային ժողովի 6–րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 18-ին։

ԲՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանն  ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Նա դատապարտվել էր 2014թ. մայիսի 17-ին «Վերնիսաժի» տարածքում հնչած կրակոցների գործով։ Վիճաբանությունը սկսվել էր ստորգետնյա ավտոկայանատեղիում մեքենայի կայանման շուրջ։ Գոռ Առաքելյանն անկանոն կրակ էր բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման եւ փաստորեն ազատ արձակվել ուղիղ երեք տարի անց։

Երեւանում մայիսի 3–ին հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ, 1 տղա, նրանց անվանել են Աննա, Թեհմինե, Ռոզա, Լիլիթ եւ Արա։ Երեխաները կշռում են 650–880 գրամ, նրանք Մեծամորում բնակվող 23–ամյա Լուսինեի եւ 24–ամյա Դավիթի առաջնեկներն են։ Երեխաները բեղմնավորվել են բնական ճանապարհով, ծնվել կեսարյան հատումով՝ հղիության 28–րդ շաբաթում։ Երեխաներից յուրաքանչյուրի համար կառավարությունը Կարապետյանների ընտանիքին կտրամադրի 1,5 մլն դրամ։ Բժիշկների խոսքով՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է հնգյակ լույս աշխարհ եկել։

Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է, եվրոյինը՝ նվազել։ Դոլարի փոխարժեքը մայիսի 3-ին կազմել է 484, եվրոյինը՝ 528, ֆունտինը՝ 625, ռուբլունը՝ 8.48 դրամ։

Հանրապետության տարածքում մայիսի 4-ի գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Երեւանում նույնպես սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն: