Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր Երեւանում եւ մարզային կենտրոնում յուրօրինակ միջոցառում է իրականացրել։
Հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով մեկ տասնյակից ավելի երթուղիներով շրջել են տարբեր քաղաքների փողոցներով եւ շնորհավորել համաքաղաքացիներին՝ փուչիկներ նվիրելով մանուկներին:
Միջոցառման նպատակներից էր նաեւ բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում կարող են ահազանգել «911» շուրջօրյա ծառայություն:
Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շառլ Ազնավուրի հրապարակում տոնական բազմաժանր համերգային ծրագրով հանդես է եկել ԱԻՆ փողային նվագախումբը:
ՀՀ ԱԻ նախարարությունը նախկինում էլ է մասնակցել Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին, սակայն, պատասխանատուների խոսքով, այս ձեւաչափով մասնակցությունն աննախադեպ էր:
Շքերթի ավարտին հրշեջ մեքենաները հավաքվել են Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց է միացել փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ են բաց թողել երկինք:











