Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության Սեւանի բաժնի եւ տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն օրերս մի շարք խոշոր բացահայտումներ են կատարել:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում անապրանք գործարքներ իրականացրած եւ հարկեր վճարելուց չարամտորեն խուսափող մի շարք անձանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Կան կալանավորվածներ:

Անապրանք գործարքների հետեւանքով պետությանը հասցված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վնաս. ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սեւանի բաժնի աշխատակիցները միանգամից մի քանի խոշոր դեպք են բացահայտել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ ուսումնասիրությունների արդյունքում նախ քրեական գործ է հարուցվել մայրաքաղաքի բնակիչ Սերգեյ Մուրադյանի նկատմամբ, ում կողմից ղեկավարած տարբեր կազմակերպություններ պետությանն ընդհանուր առմամբ շուրջ մեկ միլիարդ դրամի վնաս են հասցրել:  Մուրադյանը հանդես է եկել որպես Սեւանի հարկայինում գրացված եւ մեծածախ առեւտրով զբաղվող «ԼԵՎ-ԱԼ» ընկերության տնօրեն` ամբողջ ընթացքում չարամտորեն խուսափելով հարկեր վճարելուց:

ՀՀ ՊԵԿ ՕՀՎ Սեւանի բաժնի պետ Աշոտ Մխիթարյանի տվյալներով`  բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ` այս ընկերությունը լրացուցիչ  207մլն դրամ պետք է վճարի:

Հետագա օպերատիվ միջոցառումները պարզ են դարձրել, որ Մուրադյանը լիազորագրերով եւս չորս ընկերությունների տնօրեն է հանդես եկել: Խոսքը Սեւանի հարկային տեսչությունում գրանցված «Վահրամ Մարգարյան»՚, «Նորայր-Էրիկ» եւ Նաիրիի հարկայինում գրանցված «Ջումանջի» եւ «Սալարդ» ընկերությունների մասին է: Այս ընկերություններն ընդհանուր առմամբ պետբյուջեին շուրջ 750մլն դրամի վնաս են հասցրել:

«Վահրամ Մարգարյան» ՍՊԸ-ում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է պետբյուջե վճարման լրացուցիչ 84մլն դրամ, իսկ «Նորայր-Էրիկ» ընկերությունում` 67մլն դրամ: «Ջումանջի» եւ «Սալարդ»-ում Նաիրիի տարածքային հարկային տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել են համապատասխանաբար 49մլն եւ 537մլն դրամ, որոնք ենթակա են վճարման պետբյուջե»,- նշել է Ա. Մխիթարյանը:

Սերգեյ Մուրադյանը կալանավորված է: Նույն ճակատագրին է արժանացել նաեւ Ճամբարակի բնակիչ Երիցյանը: Նա գրանցված է եղել մի դեպքում «Վիկտորիա Գեւորգյան», «Գոռ եւ ընկերներ» կազմակերպությունների հաշվապահ, մյուս դեպքում էլ` «Անուշ եւ Վիկտորիա» ընկերության տնօրեն, այնինչ իրականում հենց ինքն է ղեկավարել այդ կազմակերպությունները, զբաղվել կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրմամբ եւ անապրանք գործարքներով: Դրանց հետեւանքով պետությանը 60մլն դրամից ավելի վնաս է հասցվել: «ՊԵԿ քննչական վարչության կողմից Երիցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ «Վիկտորիա Գեւորգյան» ՍՊԸ տնօրեն Նարինե Պետրոսյանի եւ «Գոռ եւ ընկերներ» ՍՊԸ տնօրեն Աննա Գեւորգյանի նկատմամբ: Երիցյանը կալանավորված է»:

Հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու համար նյութեր են նախապատրաստվել նաեւ Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի բնակիչ «Սարգիս-Վարդան» ընկերության տնօրեն Վարդան Մկրտչյանի վերաբերյալ: Կազմվել է ստուգման ակտ,  որի  համաձայն ընկերությունը պետբյուջե պետք է լրացուցիչ շուրջ 135մլն դրամ վճարի: Հարուցվել է քրեական գործ:  Վարդան Մկրտչյանը եւս կալանավորված է: