Հայ հասարակությունն այս տարվա նոյեմբերի 22-ին ապրում է շատ ավելի վատ, քան անցած տարվա նոյեմբերի 22-ին:  Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը: «Ամեն տեղ տեսնում ենք դժգոհություն, տնտեսության առանձին ոլոտներում նկատելի է անկում»,-ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ հաշվի առնելով վերջին երկու տարվա ցուցանիշները, հաջորդ տարի ապրելու ենք ավելի վատ: 

Բագրատ Ասատրյանը խոսեց նաեւ այս տարվա մակրոտնտեսական ցուցանիշներից՝ նշելով, որ 2010-ի տնտեսականա աճը պայմանավորված է լինելու նախորդ տարի արձանագրված տնտեսական անկման շատ մեծ տոկոսներով: «Դեռ անցյալ տարվա սկզբներին կանխատեսել էի երկնիշ տնտեսական անկում, 10-11 տոկոս: Անգամ 15 տոկոս արդյունքը, որ արձանագրվեց, ինձ էլ զարմացրեց: Հենց այդ 15 տոկոսանոց անկումն էլ այս տարվա աճն է բնութագրելու»: Տնտեսական աճի նվազ տեմպերով, ըստ ԿԲ նախկին նախագահի, Հայաստանը ռեկորդակիր է ԱՊՀ երկրների մեջ: Հայաստանն, ըստ նրա, մեկ այլ ռեկորդ էլ է սահմանել՝ արտահանման բացարձակ թվերով դարձել է ԱՊՀ երկրների մեջ վերջինը:  

Բագրատ Ասատրյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի արժույթի՝դրամի գոյության անցած 17 տարիներին՝ նշելով, որ դրամն իր լավ ապագան կառուցելու համար պետք  է «ամուսնանա» եւ միանա դրամական այլ միավորի հետ: Ըստ նրա՝ նախընտրելի է, որ հայկական դրամը միանա եվրոպական երեւէ դրամական միավորի: «Հայաստանը եվրոպական երկիր է, մենք՝ հայերս, եվրոպացի ենք, ինչքան էլ տգետները ամեն կերպ ցույց տան, որ արեւելքցի ենք:  Մեր ապագան Եվրոպան է»,-ասաց նա: Ասատրյանը միաժամանակ նշեց, որ 1993 թվականին ինքը դեմ չի եղել ռուբլու նոր տիպի գոտուն անցնելուն:

Բագրատ Ասատրյանը կանխատեսել է, որ տարեվերջին գնաճը կկազմի 9-10 տոկոս: