Կիպրոսի մայրաքաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի մասնակցած Կիպրոսի հանրապետության նախագահ Խրիստոֆիասը հայերին ուղղված գրավոր հաղորդագրություն է թողել, որն ընթերցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Խրիստոս Խրիստոֆիդիսը։

Հունական «Ֆիլելեֆթերոս» թերթի փոխանցմամբ՝ Կիպրոսի նախագահը քննադատել է Թուրքիային եւ  իր ուղերձում նշել, թե իրենք միշտ հայերի կողքին են։ «Մենք 1982-ին ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը եւ դարձել այն ճանաչած առաջին եվրոպական պետությունը»,-նշել է Կիպրոսի նախագահն իր ուղերձում։

Պատարագից հետո ելույթով է հանդես եկել նաեւ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։  Գարոյանը պնդել է, թե Թուրքիան պետք է պատժվի գործած հանցանքների համար եւ շեշտել, որ վերջին շրջանում Թուրքիայի ջանքերը՝ Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, ամբողջովին անվստահելի են, քանի որ դրանք հետին նպատակներ են հետապնդում։