ՄԱԿ-Ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Բոլիվիայում, Տիուանակո հնագիտական համալիրի տարածքում նոր հին շինություններ է հայտնաբերել։ Երկրի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ իրենց աշխատանքի ժամանակ հետազոտողները օգտագործել են դրոններ ու տիեզերական արբանյակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնագետ Խոսե Իգնասիո Գալյեգոսի խոսքով, մասնագետները, մասնավորապես հողի տակ մի մեծ կառույց են հայտնաբերել, որը հավանաբար տաճար է եղել։ Նրանք նաեւ պարզել են, որ Պումա Պունկու տաճարը, որը գտնվում է համալիրի տարածքում, գրեթե կրկնակի մեծ է, քան հնագետներն էին կարծում։ Վերջին տվյալները ցույց են տվել, որ հողի տակ շենքի եւս երկու մակարդակ կա։
Բացի դրանից մասնագետները եւս մի քանի խոշոր ու մի քանի հարյուր մանր շինություններ են գտել։ Նրանց կարծիքով այդ տարածքում հայտնաբերված փոքր կլորավուն ու ուղղանկյունի շինությունները բնակելի տներ են եղել։ Հնագետներին հաջողվել է նաեւ որոշել հին քաղաքի մոտավոր սահմանները։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսել է կազմել Տիուանակոյի մանրակրկիտ քրատեզն ու հետագա հետազոտությունների ծրագիրը։ Հնագետները մասնավորապես մտադիր են անօդաչուների ու արբանյակի լուսանկարների միջոցով պարզել, թե որքանով է հավանական, որ հողի տակ դեռ չհայտնաբերված հին կառույցներ լինեն։ Հիմա արդեն մասնագետները զբաղվում են նոր պեղումների ծրագրմամբ։
Տիուանակո քաղաքը եղել է անդյան հին կայսրության մայրաքաղաքը, որի ծաղկուն ժամանակաշրջանն է համարվում Ք․ա 300-ից մինչ Ք․ հ 1000 թթ։ Ենթադրվում է ,որ քաղաքի բնակիչները լքել են այն 1180-ին, թշնամական ցեղերի հարձակումից հետո։




























