Այսօր, նոյմեբերի 27-ին Երեւանում անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 8-րդ ընդհանուր ժողովը, որի օրակարգի վերջին եւ գլխավոր կետը կազմակերպության նախագահի ընտրությունն է:
Ընդհանուր ժողովի պատվավոր հյուրն է ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը, որը ողջույնի խոսքում մատնանշեց ՈւԵՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին հինգ աստղի շնորհելու փաստը, ինչը բնութագրում է, որ հայկական ֆուտբոլի զարգացումը սկսվում է հիմքից` մանկապատանեկան ֆուտբոլից մինչեւ ամենաբարձր մակարդակ` ազգային հավաքականը:
Սուրկիսը որպես Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի Լեհաստանի հետ համակազմակերպիչ երկրի ներկայացուցիչ անդրադարձավ ընտրական մրցաշարում աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակից Սլովակիայի հավաքականի նկատմամբ Հայաստանի ազգային հավաքականի տարած վստահ հաղթանակը: Սուրկիսի խոսքով, Հայաստանի հավաքականն ունի եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու իրական հնարավորություն:
-Չեմ կասկածում, որ Հայաստանի հավաքականը պայքարելու է Եվրո-2012-ի եզրափակիչի ուղեգրի համար: Վստահ եմ, որ հավակնություններն առաջիկայում կապացուցվի խաղադաշտում: Այն աշխատանքը, որ այսօր տեսնում եմ, թույլ է տալիս հավատալ, որ Հայաստանի հավաքականը դուրս կգա եզրափակիչ: Դրա համար անհրաժեշտ բոլոր հնարավորությունները դուք ունեք: Մենք սպասում ենք ձեզ Ուկրաինայում - հայտարարեց Սուրկիսը:




























