Երեւանում ընթացող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 8-րդ ընդհանուր ժողովում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես եկավ 2009-2010թթ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Դրական տեղաշարժերի կողքին շարունակում է խնդրահարույց եւ տանգնապալի մնալ մրցավարության խնդիրը: Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց.
Մրցավարությունը միակ ոլորտն է, որ չնայած իմ ողջ ուշադրությանն ու խստապահանջ մոտեցմանը դեռեւս ցանկալի արդյունքների չենք հասել: Ունենք խայտառակին մոտ մրցավարություն: Դեռեւս 2007-2008 թվականներից սկսեցինք միջազգային լավագույն փորձի եւ ՈւԵՖԱ-ի մրցավարական կոնվենցիայի պահանջներին համապատասխան համակարգային բարեփոխումներ: Նույն պահանջներով վերախմբագրվեցին մրցավարական եւ տեսչական կանոնադրությունները:
Կարծես թե համակարգային բարեփոխումները պետք է տային ցանկալի արդյունքներ, սակայն այս տարվա մրցավարական արդյունքները մեզ ստիպեցին գնալ ամենախիստ եւ ամենավճռական քայլերի: Մենք ամենաարագ կարգով պատրաստելու ենք թե նոր երիտասարդ կադրեր եւ թե ընտրելու ենք գործող երիտասարդ մրցավարներից լավագույններին` առավել ինտենսիվ կրթական եւ մարզումային գործընթաց ապահովելու նպատակով:
Այունամենայնիվ պետք է հայտարարեմ, որ ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ուղեծրից եւ անկախ նշված հանգամանքներից` անելու եմ ամեն ինչ, որ ունենանք բարձրակարգ մրցավարություն եւ ունենալու ենք, - եզրափակեց Ռուբեն Հայրապետյանը:





























