Այսօր, նոյեմբերի 27-ին Երեւանում կայացած ՀՖՖ 8-րդ ընդհանուր ժողովում Ռուբեն Հայրապետյանը երրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Եվս 4,5 տարի հայկական ֆուտբոլը կառաջնորդի Ռուբեն Հայրապետյանը:

Ընտրությունից հետո կայացած մամուլի ասուլիսում NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որն է լինելու առաջիկա չորս տարիների զարգացման ռազմավարությունը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց.

«Մեր ֆուտբոլի ապագան մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Շատ սուր է դպրոցների պրոբլեմը: Մարզերում չկա ֆուտբոլային ենթակառուցվածք: Պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը մարզերում: Այդ ուղղությամբ առաջիկայում մեծ աշխատանքներ կլինեն Շիրակում եւ Լոռիում: Գյումրիում կբացվի ֆուտբոլի դպրոց` վեց խաղադաշտով, նաեւ Լոռիում` չորս խաղադաշտերով: Հրաշալի ֆուտբոլի դպրոց է կառուցվում Կապանում:

Սակայն, իրականում, մենք լուրջ պրոբլեմներ ունենք: ՀՖՖ հիմնական ֆինանսավորումը ազգային հավաքականի խաղերի հեռարձակումից է: Ես տեսնում եմ եկամուտի աղբյուրները: Անցած տարիների հետ համեմատ քիչ են, բայց հավաքականի հաջող հանդես գալու դեպքում մենք կունենաք ֆինանսական հաջողություններ: Հուսանք, որ կհայտնվեն նոր հովանավորներ»:

NEWS.am-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ երկրորդ անգամ անընդմեջ նախագահի միակ թեկնածուն Ռուբեն Հայրապետյանն է`վերընտրված նախագահը պատասխանեց.

«Առաջադրվողներ չկան: Ֆուտբոլը չի մոնոպոլացվել: Ֆուտբոլի ֆեդերացիան ըմբշամարտի եւ ձյուդոյի ֆեդերացիա չէ: Ծանր, դժվար, անշնորհակալ աշխատանք է, ամեն մարդ չի կարող: Շատ ուրախ կլինեմ, եթե մեկ ուրիշը պատրաստ լինի շարունակել, լինեն թեկնածուներ` իրենց ծրագրերով: Նոր մտքեր լինեին` կկարողանայինք օգտագործել:

Ութ տարի առաջ ընտրվել եմ ֆեդերացիայի նախագահ: Այն ժամանակ անմխիթար վիճակ էր: Ֆեդերացիայի աշխատողները սպասում էին աթոռ ազատվեր: Մեկ հատ համակարգիչ կար:

Այսօր ֆուտբոլի ֆեդերացիան ավելի մեծ կառույց է, քան սպորտի նախարարությունը` բյուջեից սկսած եւ բոլոր աշխատանքներով ավարտած: Մնացած բոլոր մարզաձեւերի թիկունքում պետությունն է, իսկ մենք պետական բյուջեինց 8 միլիոն դրամ ենք ստանում:

Մի տարի առաջ բոլորը բղավում էին Նեմեց հեռացիր: Իսկ, երբ հավաքականը հաջող է խաղում ոչ ոք չի ասում` ապրի Հայրապետյանը: Լավ է խաղում հավաքականը` կեցցե մարզիչն ու ֆուտբոլիստները, վատ է խաղում` բղավում են Նեմեց հեռացիր:

Սակայն, կարեւորը մեր ազգային հավաքականը հայտնվի Եվրոպայի առաջնության եզրափակիչում: Ամեն ինչ արվելու է, որ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումներին ներկայանա աշնանայինի նման գերազանց մարզավիճակում: Այն ֆուտբոլիստները, որոնք խաղում են Հայաստանում Ռուսաստանի հետ խաղերին գերազանց մարզավիճակում կլինեն:

Ազգային հավաքականը փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Երկու ստուգողական հանդիպում կլինի, առաջինը` փետրվարի 9-ին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ վերընտրված նախագահը հայտարարեց, որ համարձակ քայլերի դիմելու եւ սերնդափոխություն կատարելու ռազմավարությունը արդարացված եղավ: Հենց այդ սերնդափոխության շնորհիվ են ազգային հավաքականի այսօրվա հաջողությունները: