Արտաքուստ սովորական Nissan է, ներսում՝ սովորական սրահի համար ֆուտուրիստական փոխանցման տուփ եւ երթեւեկելիս լռություն. ծանոթացեք սա Nissan Leaf էլեկտրամոբիլն է (ֆոտոռեպորտաժ)։
Հայաստանում էլեկտրամոբիլների թիվն արդեն տասնյակին է մոտենում, եւ, ինչպես պնդում է Global Shipping ընկերության հիմնադիր տնօրեն Էմիլ Մելքոնյանը, օրեցօր աճում է։ Ընկերությունն արդեն 5 Nissan Leaf է ներկրել, կա նաեւ եւս 7 ավտոմեքենայի պատվեր, բոլորը մասնավոր պատվերներ են։
Այս մոդելից բացի, Հայաստանում նաեւ «Տեսլա» 3 ավտոմեքենա կա։ Դրանք ավելի վաղ ներկրել է մեկ այլ ընկերություն, եւ դրանց արժեքն ավելի բարձր է։ «2011–12 թվականների արտադրության մեր մոդելի առավելությունը գնի եւ որակի հարաբերակցությունն է։ Դրանք հիմա 8–ից 10 հազար դոլար արժեն»,– նշեց Մելքոնյանը։
Հայաստան էլեկտրամոբիլներ ներմուծելու համար լուրջ խնդիր է մաքսազերծման բարձր գինը։ «Ամբողջ աշխարհում էլեկտրամոբիլների նկատմամբ մաքսազերծվում չի կիրառվում։ Հակառակը՝ պետությունները մեծ միջոցներ են ծախսում, ոլորտի զարգացման համար դոտացիաներ են տրամադրում։ Մեզ մոտ, ցավոք, հարցը կարգավորված չէ, եւ էլեկտրամոբիլները սղովորական մեքենաների նման են մաքսազերծվում։ Եթե մաքսազերծման հարցը լուծվի, մեքենաները բոլորին հասանելի կլինեն։ Պարզ հաշվարկ կատարենք։ Եթե մաքսազերծման արժեքը հանենք, էլեկտրամոբիլը 5–6 հազար դոլար կարժենա։ Դուք չեք գնի 2011–12 թվականների թողարկման բենզինով աշխատող, 43 հազար կմ վազքով ճապոնական մեքենա։ Իսկ Nissan Leaf–ն, ի դեպ, գերձեռնտու է՝ յուղ, լամպեր, ֆիլտրեր գնելու անհրաժեշտություն չի լինի, այն ամենի, ինչը պարբերաբար փոխվում է»,– հիշեցրեց մեր զրուցակիցը։
Մյուս կազուսը կապված է այն փաստի հետ, որ տեխզննման ժամանակ մեքենաների տերերը, չգիտես ինչու, բնապահպանական հարկից ազատված չեն։ «Մեքենան ընդհանրապես արտաժայթքման խողովակ չունի, իսկ թեկուզ խորհրդանշական գումար պետք է վճարել։ Փաստորեն, համակարգում տող չկա, որտեղ կարելի է նշել, որ սա էլեկտրամոբիլ է։ Դրանց տեխզննումն այնպես է կատարվում, ինչպես բենզինային շարժիչով մեքենաներինը։ Այն դեպքում, երբ այս մեքենաներն ազատված են «կարմիր գծերում» (վճարովի կայանատեղիներ – խմբ.) կայանելու համար վճարելուց՝ բնապահպանության համար դրանց կարեւորության պատկերացումներից ելնելով։ Ավտոմեքենան քաղաքում հաշվարկված է 150 կմ–ի համար, մայրուղու վրա՝ ավելի շատ։ Սակայն խոսքը հարթ մակերեւույթի վրա երթեւեկելու մասին է. «Ավտոմեքենայի մյուս առավելությունն էլ ծախսած էներգիայի վերականգնման կարողությունն է, այսինքն՝ վայրընթաց ընթանալիս մարտկոցները լիցքավորվում են։ Հայաստանի ռելիեֆի համար սա շատ հարմար է։ Օրինակ՝ եթե Մյասնիկյանի պողոտայով բարձրանաք եւ իջնեք, կարելի է անվերջ երթեւեկել»։
Մեքենան նախատեսված է լիցքավորման 2՝ արագ եւ սովորական տեսակների համար, 220 վոլտ սովորական վարդակից։ Մալուխը մտնում է մեքենայի լրակազմի մեջ։ Դրանից բացի, Երեւանում կա արագ լիցքավորման 3 կետ եւ եւս 2 կետ մարզերում։ «Սա մեկ այլ կազմակերպության ծրագիրն է, կետեր են տեղադրված «Տեսլայի» համար։ Միացման լարերը տարբեր են, սակայն փոխադրիչի միջոցով հնարավոր է լիցքավորել նաեւ Nissan Leaf–ը։ Համոզված եմ, որ մարդիկ ավելի շատ են հասկանում նման մեքենաների կոմերցիոն շահույթը։ Ճապոնացի գործընկերների կարծիքով՝ նույնիսկ շարժիչի ամենափոքր ծավալով մեքենաներն ավելի շատ են ծախսում, քան Nissan Leaf–ը։ Դրանից բացի, Ճապոնիայում պնդում են, որ արտադրության սկզբից եւեթ այս մեքենաները խնդիրներ չեն ունեցել»,– նշեց Էմիլ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ առավել հաճախ տրվող հարցն է՝ սարսափելի չէ՞ ճանապարհին մնալը, եթե լիցքավորումը «նստի»։ Սակայն նույն բանը կարող է պատահել նաեւ բենզինով աշխատող մեքենայի դեպքում։ Եթե անտեսեք հաղորդիչները։ Ըստ հաշվարկի՝ երբ լիցքավորումը կարող է բավականացնել 20 կմ–ին, մեքենան սկսում է պարբերաբար ազդանշաններ հաղորդել, այնուհետեւ ցուցավահանակի վրա կրիա է լուսարձակվում, եւ մեքենան վարորդին թույլ չի տալիս արագությունը 40 կմ/ժամից գերազանցել։ Այս մեքենայով հնարավոր է ճանապարհին մնալ, եթե դուք դրա համար մեծ ջանքեր գործադրեք, ամփոփեց մեր զրուցակիցը։
Իհարկե, մեքենան լիովին լիցքավորելու համար 4–5 ժամ է պահանջվում։ Սակայն ճանապարհին կարելի է կարճ ժամանակով կանգնելով՝ մեքենան լիցքավորել։
«Հիմա այս մեքենան ավելի շուտ քաղաքի համար է։ Սակայն շատ շուտով, հույս ունեմ, որ լիցքավորման ավելի շատ կայաններ կհայտնվեն։ Գոյություն ունի արեւային էներգիայով սնվող լիցքավորման կայանների ստեղծման Global charger («Երեք կետեր» գիտատեխնիկական ասոցիացիայի եւ Global Shipping–ի հետ համատեղ) նախագիծը։ Առավելությունն այն է, որ կայաններն անկախ են, եւ տերը մեկանգամյա ներդրում կատարելով՝ այլեւս չի ծախսում։ Սա լուրջ էկոլոգիական նախագիծ է, այն նաեւ նախատեսում է էկոսնուցման կետ»,– նշեց Էմիլ Մելքոնյանը։
Ըստ որում՝ մեր զրուցակիցը խոստովանում է, որ մարտկոցի համար ցանկալի չէ արագ լիցքավորումը եւ կիրառվում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Սակայն նույնիսկ այս դեպքում մարտկոցի 80 տոկոսից ավելին չեն լիցքավորում, որպեսզի չվնասեն։ «Սա կախված է կարգավորումից՝ 10 րոպեի փոխարեն 40 րոպեի լիցքավորումը մեքենան չի վնասի»։
Արտադրողը մարտկոցները հաշվարկել է 8–10 տարվա համար։ «Իհարկե, դրանք օգտագործված են, եւ դրանց կյանքի տեւողությունը կրճատվել է։ Դրանց երաշխիքը 10 տարի է, բայց ոչ մեր ստանդարտներով։ Սակայն մյուս էլեկտրամոբիլների համեմատությամբ՝ Nissan Leaf–ի ամենամեծ առավելությունն այն է, որ մարտկոցները մի քանի մասերից են կազմված, եւ ամբողջությամբ փոխելու անհրաժեշտություն չկա։ Փոխվում է մարտկոցի մի մասը»,– ասում է ընկերության տնօրենը։ Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրություն են արդեն արտահայտում կազմակերպությունները եւ պետական հատվածը, վերջինը դեռեւս ավելի զուսպ։
«Մարդականցից շատերի համար անհասկանալի է, թե սա ինչ է։ Մտածում են, որ եթե մեքենան էլեկտրականությամբ է աշխատում, այն չի կարող հզոր լինել։ Nissan Leaf–ի առավելագույն արագությունը 180 կմ/ժամ է, իսկ 100 կմ–ին այն ավելի արագ է հասնում, քան իր բենզինային նմանակները։
Այն, որ սա էլեկտրամոբիլ է, հուշում է ծածկի վրայի փոքրիկ «պատուհանը»։ Սա լիցքավորման պատուհանն է, որտեղ 2 սարքավորում է տեղադրված՝ սովորական եւ արագ լիցքավորման համար (լիցքավորման սարքերը մտնում են մեքենայի լրակազմի մեջ)։
Սրահը բավականին մեծ է։ Առաջին պահին տարօրինակ է թվում արագության փոփոխման բռնակի բացակայությունը։ Դրա փոխարեն առկա է ֆուտուրիստական գունդ ջոյսթիկը, որի օգնությամնբ կարգավորվում են 3 դիրքերը՝ առաջ, հետ եւ կայանում։ Այրման բանալիների փոխարեն կոճակ է, իսկ «ձեռքի արգելակի» փոխարեն՝ ջոյսթիկի ետեւում նեղ ձող։
Զարմանալին երթեւեկության անձայն լինելն է եւ հզորությունը, որով մեքենան մեկնարկին ցատկ է կատարում։ Ցուցավահանակի վրա լուսարձակվում է կիլոմետրերի համար մնացած լիցքը։ Ըստ որում՝ խնայման ռեժիմում երթեւեկությունը լիցքն էապես կտնտեսի։
Ինչպես ճապոնացիներին է հատուկ, արտադրողը չի մոռացել շնորհակալություն հայտնել էկոլոգիապես մաքուր մեքենայի տիրոջը. երթեւեկության ընթացքում «մաքուր» կիլոմետրերին զուգահեռ սարքի վահանակի վրա աստիճանաբար ծառ է «աճում»։ Սրանով ընկերությունը հիշեցնում է, որ դուք բնության թեկուզ ոչ մեծ հատվածը պահպանել եք։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am–ի




























