Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում բարձրացրեց ընտրությունների ժամանակ մասսայաբար գրանցման վայրերը փոխելու եւ այլ քաղաքներում քվեարկելու հարցը:

Դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ 2012թ. Հրազդանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին 4-7 հազար մարդ է գրանցվել այլ վայրերում, մինչդեռ բնակարանների սեփականատերերը համաձայն չեն եղել:

«Մինչեւ հիմա ընտրություններին այդ անձինք գալիս են մասնակցում ընտրություններին: Ոչ ճանաչում ենք, ոչ բան, էդ տենդենցը կվերանա՞ մեր երկրում, թե ոչ»,- հարցրեց Սասուն Միքայելյանը:

Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ անձը գրանցվում է միայն սեփականատիրոջ համաձայնությամբ:

«Պարոն Մուկուչյան, ավելի ընդլայնեմ խոսքս: Խանութի աշխատողներին ստիպողաբար տանում էին ուրիշ տեղ ընտրության, ասում էին՝ եթե օրինակ Հրազդանից չգնաս Գյումրի ընտրության, գործից կհանեն, հիմա ե՞րբ ա սա կարգավորվելու: Օրենքի թույլատրությունն էն չափանիշներով ա արվում, որը ձեռնտու ա էս իշխանություններին»,- հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը:

ԿԸՀ նախագահը նկատեց՝ այս հարցի լավագույն լուծումն այն է, որ մարդիկ պաշտպանեն իրենց իրավունքները: