Հայաստանում ՌԴ քաղաքացի Զուրաբ Նեմսաձեի՝ մահվանից օրեր առաջ զուգընկերոջն ինքնասպանության հասցնելու եւ պառնկագրական բնույթի նյութեր տարածելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպության իրավաբան Հասմիկ Պետրոսյանը:
«Նախաքննական մարմինը հարուցված քրեական գործով Նեմսաձեին մեղավոր է ճանաչել, սակայն մահվան հիմքով կարճել է: Այս որոշման հետ մենք համաձայն չենք եւ բողոքարկել ենք կարճման որոշումը»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը:
Նշենք, որ ավելի վաղ «Փինկ Արմենիա» ՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Զուրաբն իրենց պատմել է, որ փետրվարի սկզբին Հայաստան է եկել իր զուգընկերոջ խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից:
«Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել:
Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել»,- ասվում է ՀԿ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ. փետրվարի 11-ին «Անի Պլազա» հյուրանոցի համարներից մեկում այլ երկրի քաղաքացու դիակ է հայտնաբերվել: Ըստ լրատվամիջոցներում առկա տեղեկատվության` 23-ամյա երիտասարդի դաստակները վնասված են եղել, և երբ նրան հայտնաբերել են, նա եղել է բերանքսիվայր վիճակում ընկած: Մահացած երիտասարդի դեմ դեպքից օրեր առաջ բողոք էր ներկայացրել նրա ծանոթ մեկ այլ երիտասարդ՝ մեղադրելով իր կամքից անկախ իր հետ սեռական հարաբերություն ունենալու եւ դրանց վերաբերյալ լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ։



























