Ելիսեյան պալատը հրաժարվել է «առաջին տիկնոջ կանոնադրության» գաղափարից, որի փոխարեն կհրապարակեն «թափանցիկության խարտիա»՝ պետության կյանքում Ֆրանսիայի նախագահի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի դերի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնել էին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի աղմկահարույց առաջարկի մասին՝ ստեղծել «առաջին տիկնոջ կանոնադրություն»։ Ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա օրենսդրորեն սահմանել նախագահի կնոջ պաշտոնական դերը պետական գործերում։ Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում էր պետական միջոցների հատկացում պետության ղեկավարի կնոջ ծախսերի համար, որը Ելիսեյան պալատում զբաղվում է հիմնականում ընդունելություններ կազմակերպելով, մասնավորապես, ճաշացանկ կազմելով ու հյուրերին սեղանի շուրջ տեղավորելով։

Մակրոնի այդ առաջարկն առաջացրել է քաղաքացիների քննադատությունը, որոնք ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով չեղարկել այդ նախաձեռնությունը։ Հանրագիրն արդեն ստացել է ավելի քան 200 հազար մարդու աջակցություն, հաղթահարելով 150 հազարի անհրաժեշտ սահմանը։

Հեռուստաալիքը հայտնում է, որ այդ արշավի ծավալները Ելիսեյան պալատին ստիպել են վերանայել ծրագրերը ու սահմանափակվել ավելի համեստ փաստաթղթով, որը չի պահանջում փոփոխություններ անել սահմանադրության մեջ։ «Թափանցիկության խարտիան», հեղինակների խոսքով, կոչված է «վերջ տալ երեսպաշտությանն ու պարզաբանել իրավիճակը»։ Նախեւառաջ խարտիան կճշգրտի առաջին տիկնոջ վճարվող օգնականների թիվը։ Հիմա նա ունի երկու քարտուղար, մամուլի քարտուղար, գրասենյակի ղեկավար ու թիկնապահներ։

Ակնկալվում է, որ փաստաթուղթը կստորագրվի մոտ օրերս։