Հյուսիսային Կորեան պետք է իրեն կարգի հրավիրի, թե չէ լուրջ խնդիրների կբախվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի հասցեին «կրակի ու բարկության» մասին իր հայտարարությունը բավականաչափ կոշտ չէր, փոխանցում է AP-ն։
«Հյուսիսային Կորեան ճիշտ կանի կարգի հրավիրի իրեն, հակառակ դեպքում այնպիսի խնդիրների կբախվի, որոնց հետ միայն սակավաթիվ ազգեր են բախվում։ Ու դա կարող է շատ ավելի կոշտ լինել, քան ես էի ասել»,- հայտնել է Թրամփը։ Ընդ որում նա հավելել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է նաեւ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների հնարավորությունը, բայց հիշեցրել է, որ վերջին 25 տարիներին Փհենյանի հետ բանակցությունները ձախողվում են։
Մեկնաբանելով Գուամ կղզու վրա հնարավոր հարձակման մասին Փհենյանի սպառնալիքները, Թրամփն ասել է, որ եթե Փհենյանը որեւէ քայլ ձեռնարկի կամ նույնիսկ մտածի հարձակման մասին՝ ինքը կստիպի նրան ուժեղ նյարդայնանալ։ «Նրանց հետ կարող է տեղի ունենալ այն, ինչ նրանք երբեք հնարավոր չեն համարել»։




























