ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մի քանի ամիս «հանգիստ զբաղվել է դիվանագիտական շփումներով» Հյուսիսային Կորեայի հետ, հայտնում է Associated Press-ը, վկայակոչելով իր աղբյուրները։
Հայտնի է, որ երկու կողմերը բանակցել են հունիսին Հյուսիսային Կորեայում ամերիկյան համալսարանի ուսանողին ազատ արձակելու հարցով։ Նշում են, որ առայսօր հայտնի չէ, արդյոք շփումները շարունակվել են եւ արդյոք նաեւ այլ հարցեր են քննարկվել։
Շփումների հետ ծանոթ աղբյուրներն ասում են, որ այդ փոխգործակցությունները «դեռ ոչինչ չեն արել» Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը մեղմելու համար։
Նրանց խոսքով՝ «անդրկուլիսյան քննարկումները դեռ կարող են հիմք դառնալ ավելի լուրջ բանակցությունների համար», եթե Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «հրաժարվեն ռազմատենչ հռետորաբանությունից ու երկխոսեն»։




























