Վայոց ձորի Արտավան համայնքի մերձակայքում արդեն երկրորդ օրը շարունակվող հրդեհը մեծ վնասներ է հասցրել անտառի կենսաբազմազանությանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Նա նշեց, որ շատ կենդանիներ, թռչուններ չեն կարողացել փրկվել, բացի այդ՝ հրդեհի հետեւանքով այրվել է մեծ քանակությամբ ծառային ծածկույթ:

«Վնասները գլոբալ են. անտառում կա գորշ արջ, գիշատիչ եւ ոչ գիշատիչ թռչուններ, փոքր վայրի կենդանիներ, տարբեր տեսակի ծառեր: Խնդիր է նաեւ ծառային ծածկույթը՝ այրվել է 500 հեկտարից ավելի տարածք: Այսօր նաեւ «Խոսրով արգելոցի» հետ կապված ահազանգ ստացանք, որտեղ եւս մեծ կենսաբազմազանություն կա՝ գայլեր, արջեր, նաեւ թռչնի մի տեսակ, որը «Կարմիր գրքում» է գրանցված: Պետք է ցավով գիտակցենք, որ բազմաթիվ կենդանիներ հրդեհից չեն կարողացել փրկվել, թռչունների համար ավելի հեշտ է փախչելը, սակայն, գազանների համար ավելի դժվար է, որովհետեւ նրանց համար դժվար է տեղաշարժվելը»,- ասաց նա:

Բնապահպանի խոսքով՝ վտանգ չկա, որ հրդեհից փախած կենդանիները կարող են հայտնվել մոտակա բնակավայրերում: «Մեզ մոտ չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծվել, որպեսզի այրվող անտառից փախչող կենդանիները բնակավայրեր մտնեն, որովհետեւ մենք այդքան կենսաբազմազանություն չունենք, մեզ նման բան չի սպառնում: Կարող է արջը դուրս գա գնա գյուղական տարածք, բայց դա շատ քիչ է հնարավոր, ես չեմ ուզում մարդկանց վախեցնել»:

Սիլվա Ադամյանը քաղաքացիներին հորդորեց առավելագույնս զգույշ լինել, քանի որ ամեն մի անզգույշ քայլ կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել:

 «Կարծում եմ, որ այդ ամենին նպաստում է նաեւ եղանակը: Խնդիրն այն է, որ մեր անտառածածկ տարածքները շատ քիչ են եւ  պետք է շատ զգույշ լինենք: Պայթյունավտանգ վիճակ է, մենք ամեն քայլափոխի անապատի ենք վերածում մեր բնությունը, այն տափաստանային եւ կիսատափաստանային իրավիճակը, որ մենք ունենք՝ չպետք է ծխախոտ գցենք անտառում, խոտածածկ տարածքում»,- նշեց բնապահպանը:

Նշենք, որ Վայոց ձորում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Արտավան համայնքի մերձակայքի խոտածածկ տարածքում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքները:  Վայոց ձորի Արտավան համայնքի մոտ օգոստոսի 10-ի երեկոյան ժամը 7-ին խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Աշխատանքներին ներգրավված է 9 մարտական հաշվարկ եւ շուրջ 500 մարդ:

Անտառում անզգուշաբար հրդեհ առաջացնելու կասկածանքով բերմանէ ենթարկվել նույն գյուղի բնակիչը: Հարուցվել է քրեական գործ: