Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը սահմանում է, որ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դատարանը հնարավորություն ունի այլընտրանքային խափանման միջոց ընտրել, այդ թվում տնային կալանք կամ վարչական հսկողություն: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքային խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը:
Պարոն Մելիքյան, նոր նախագծի աշխատանքները ներկայումս ի՞նչ փուլում են:
Նախագիծը կազմելիս նկատի ենք առել Եվրոպական դատարանի կողմից վերջին շրջանում ընդունված վճիռները: Երբ ուսումնասիրում ենք Եվրոպական դատարանի իրավաբանությունը, տեսնում ենք, որ ՄԻԵԴ-ի վճիռների բավական մեծ մասը վերաբերում է Քրեական դատավարության ոլորտին: Խոսքը վերաբերում է ոչ այնքան Հայաստանի վերաբերյալ գործերին, այլ առհասարակ, եւ քանի որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեզ համար ոչ միայն ուղենիշ է, այլեւ ինչ-որ առումով պարտադիր է, հետեւաբար, մենք պարտավոր ենք անընդհատ հաշվի առնել նոր զարգացումները, որոնք Եվրոպական դատարանն իրականացնում է:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է սկզբնական կալանքի վերաբերյալ իրավակարգավորումներին, որոնց մասին Եվրոպական դատարանը վերջերս ընդունել էր Մոլդովայի վերաբերյալ բավականին կարեւոր նախադեպային վճիռ, որի դրույթները մենք իրացրել ենք նախագծի նախնական տեքստում: Խոսքն այն մասին, թե ինչ հիմքեր են անհրաժեշտ սկզբնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Եթե նախկինում Եվրոպական դատարանը երբեք դիրքորոշում չէր հայտնել, որ բացի հիմնավոր կասկածից անհրաժեշտ է նաեւ այլ հիմնավորումներ, ապա վերը նշված գործով այդ դիրքորոշումը հստակ արտահայտեց: Այս դրույթն իրացվել է նաեւ մեր նախագծի տեքստում:
Կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցը կարելի է համարել մեր կնճռոտ խնդիրներից մեկը՝ հաշվի առնելով, որ Եվրոպական դատարանը շատ դեպքերում հենց այս մասով է Հայաստանի Հանրապետության դեմ վճիռներ կայացնում: Քրեական դատավարության նոր օրենսգրքով արդյոք հարցին լուծում կտրվի՞:
Հարցի լուծում արտահայտությունը պայմանական եմ համարում: Դժվար է ասել, որ մեզ մոտ իրավիճակը չափազանց վատ է: Իհարկե, խնդիրը կա, ոչ ոք դա չի ժխտում, սակայն համեմատության մեջ պետք է դնել, թե մեղադրյալների քանի տոկոսն է կալանքի տակ եւ քանի տոկոսի դեպքում են դատարան դիմել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:
Հիմա ամենակարեւորը, թե ինչ միջոցներով է նախագիծն այս հարցը լուծում: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ կալանքի մեծ թիվը պայմանավորված է նաեւ այլընտանքային միջոցների բացակայությամբ, կարճ ասած՝ պետք է հասկանալ, թե դատարանն ի՞նչ հնարավորություն ունի եւ ընդհանրապես, այլընտրանքային ի՞նչ միջոցներ են առկա՝ կալանքից բացի: Չմոռանանք, որ կալանքը ոչ իրավաչափ վարքագիծը կանխող միջոց է, ոչ թե պատժական: Խափանումն ուրիշ ի՞նչ միջոցներով է հնարավոր իրականացնել: Միջազգային փորձը հստակ ցույց է տալիս, որ այլ միջոցներ էլ կարող են լինել, օրինակ, տնային կալանքը, վարչական հսկողությունը, որոնք հնարավորություն են տալիս ավելի քիչ դեպքերում կալանքը որպես խափանման միջոց կիրառել: Տնային կալանքի, վարչական հսկողության կիրառումը ենթադրում է նաեւ ենթակառուցվածքային փոփոխություն, մասնավորապես սարքավորումների ձեռքբերում, դրա կառավարման համակարգի ներդրում: Այս ուղղությամբ եւս արդարադատության նախարարությունը տեւական ժամանակ ակտիվ աշխատել է: Վստահ եմ, որ այս ինստիտուտները ոչ միայն թղթի վրա կմնան, այլեւս կիրացվեն, երբ օրենսգիրքը կընդունվի:
Մեկ այլ փոփոխություն էլ ենք մենք առաջարկում: Գրավ կիրառվում է միայն այն դեպքում, երբ կալանքը որպես խափանման միջոց է կիրառվել: Նախագիծն առաջարկում է՝ եթե մեղադրյալը պատրաստ է գրավը վճարել, դատարան դիմելու անհրաժեշտություն չկա, միանգամից քննիչը դատախազի համաձայնությամբ կարող է կիրառել գրավ: Պարզ ասած՝ խնդիրը լուծելու հիմնական միջոցն է ավելացնել այլընտրանքային խափանման միջոցները:
Քրեական դատավարության նոր օրենսգրքի այս նախագիծը շատ երկար ժամանակ քննարկվում է, բայց կան գաղափարներ, որոնք արդեն իսկ իրացվում են Հայաստանի օրենսդրության կողմից: Հայաստանի, այսօր նաեւ Արցախի Սահմանադրությամբ հնարավորություն է տրվում բողոքարկել ձերբակալման իրավաչափությունը: Սա կարելի է համարել հեղափոխական մոտեցում Քրեական դատավարության մեջ:
Մտավախությո՞ւն չունեք, որ հանրությունն այս փոփոխությունները կարող է վատ ընդունել:
Չի լինում որեւէ փոփոխություն, որը բացարձակ ընդունելի է, նման բարեփոխումների մասին ես տեղեկություն չունեմ: Սակայն սա չի նշանակում, որ մենք չպետք է հետեւենք միջազգային պրակտիկային եւ մեր տեղական առաձնահատկությունները հաշվի առնելով՝ առաջ չգնանք: Օրինակ, ձերբակալման իրավաչափությունը դատարանում բողոքարկման հարց դարձնելը շատ իրավաբաններ մի քանի տարի առաջ չէին պատկերացնում, որ հնարավոր է, իսկ այս ինստիտուտն այսօր գործում է:
Ծանր հանցագործությունների դեպքում այլընտրանքային խափանման միջոց նոր օրենսգրքով առաջարկվո՞ւմ է:
Չնայած մեր օրենսդրությունը սահմանում է, որ գրավը կիրառվում է միայն ոչ մեծ կամ միջին հանցագործությունների դեպքում, 2007թ.-ին Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա, որոշեց, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաեւ գրավ կիրառելու հնարավորությունը: Սա վերաբերում է բոլոր գործերին, այդ թվում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններին: Ես գիտեմ դեպքեր, երբ ծանր հանցագործությունների դեպքում գրավը որպես խափանման միջոց կիրառվել է:
Քրեական դատավարության նոր օրենսգիրքը եւս մեկ քայլ առաջ է կատարել եւ դատարանին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում այլընտրանքային միջոցների ավելի մեծ հնարավորություն է տալիս:
Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Արցախում նույնպես Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն:
Հաշվի առնելով, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում մարդու իրավունքների երաշխավորմանն ուղղված դրույթներ են նախատեսված, փորձելու եմ Արցախում նույնպես դրանք կենսագործել:



























