Սեպտեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունն ավանդաբար անցնում է ծառայության ուժեղացված ռեժիմի, հատկապես դպրոցների շրջակայքում: Ընթացիկ տարում մայրաքաղաքում հայտարարվել է «Անվտանգ երթեւեկության միամսյակ», որի տեւողությունն, ինչպես ակնհայտ է անվանումից, ուղիղ մեկ ամիս է: Համարվում է, որ սա բավարար ժամկետ է քաղաքի փողոցներում դպրոցական արձակուրդներից հետո նոր պայմաններին աշակերտների, նաեւ վարորդների հարմարվելու համար:
Բնական է, որ նման միջոցառումները միայն ողջունելի են: Սակայն հետիոտնը կնախընտրեր, որ ճանապարհային երթեւեկության ուժեղացված հսկողությունը ոչ թե մեկ ամիս տեւեր, այլ ամբողջ օրացուցային տարին: Եվ ոչ միայն ցերեկային ժամերին ու միայն դպրոցների շրջակայքում, այլ օրվա մնացած ժամերին էլ եւ քաղաքի բոլոր փողոցներում:
Մայրաքաղաքի ծայրամասային շրջանները հանդուգն վարորդների համար կատարյալ վայր են: Այստեղ ճանապարհային ոստիկանության հսկողությունն ավելի թույլ է, քան քաղաքի կենտրոնում, իսկ երթեւեկության ինտենսիվությունը համեմատաբար ցածր է: Այսինքն՝ իրենց մեքենաների արագությունը «փորձարկելու» հնարավորություն կա: Սա հատկապես գործարկվում է ուշ երեկոյան, մթնշաղի հետ: Այդ ժամերին փողոցներից հաճախ է լսվում շեշտակի շրջադարձերին եւ արտահերթ արգելակման դեպքում արգելակների եւ անիվների կտրուկ ճռռոցը: Պատահում է, որ այս ամենն ավարտվում է բախվող ավտոմեքենաների խուլ թրխկոցով:
Ցերեկային ժամերին էլ, իհարկե, պատկերը կատարյալ չէ: Հաճախ ավտոմեքենաները մեծ արագությամբ սլանում են միկրոշրջանների նեղ ուղեմասերով, բակերով, որտեղ երեխաներ են խաղում: Սկզբունքորեն նման վայրերում ավտոմեքենաների ընթացքի արագությունը սահմանափակվում է 20-ից մինչեւ 40 կմ/ժամ: Սակայն նույնիսկ այս արագությունը պահպանելու դեպքում, արդյոք սա բավարա՞ր է մարդկանց վրաերթի ենթարկելը կանխելու համար:
Շատ երկրների քաղաքներում, այսպես կոչված, ննջասենյակային շրջաններում առավելագույն արագությունը սահմանափակվում է 30 կմ/ժամով: Ի դեպ, այնտեղի վարորդները, եզակի բացառություններով, կանոնավոր կերպով հետեւում են այս արագությանը: Նույնիսկ եթե փողոցի տեսանելի հատվածում ոչ մի հետիոտն չկա: Սակայն սա վերջը չէ: Փակուղային փողոցներում, որոնք ավարտվում են բակերում, առավելագույն արագությունը սահմանափակվում է… 5 կմ/ժամով (տես՝ լուսանկարները):




























