Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդները: Գարեգին Բ-ն եւ Ալլահշուքյուր Փաշա Զադեն,այլ հարցերի թվում, անդրադարձել են նաեւ արցախյան հակամարտությունը: Ամենայն Հայոց կաթողիկոսը հիշեցրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի վայրագությունների եւ խոշտանգումների մասին: Այս հանդիպումն ինչ-որ առումով պատմական կարելի է կոչել. Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները վերջին անգամ 6 տարի առաջ էին հանդիպել:

ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը կարճվել է: Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմ չի գտել: Խորհրդարանական ընտրություններից հետո լրատվամիջոցներում ձայնագրություն տարածվեց, որում մի տղամարդ ներկաներից պահանջում է աշխատել «ՍԱՍ»-ի սեփականատեր, պատգամավորի թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին: Հակառակ դեպքում սպառնում է ազատել աշխատանքից: Նշենք, որ քրեական գործ հարուցվեց ձայնագրության հրապարակումից 6 օր անց միայն, իսկ շուրջ 5 ամիս անց, փաստորեն, այն կարճվեց:

Երեւանում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից մեքենաներից 2-ի վարորդները կալանավորվել են: Նրանցից մեկը Կոտայքի Ձորաղբյուր գյուղի 27-ամյա բնակիչ Լեւոն Հակոբյանն է, որը խոստովանել է, որ Honda մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրված հատվածում շրջադարձ է կատարել եւ խոչընդոտել է Hummer-ի երթեւեկությանը, ինչն էլ ողբերգական ավտովթարի պատճառ է դարձել: Մյուս կալանավորվածը Hummer-ի վարորդն է՝ «Գառնիի Սուրիկի Լավաշ»-ի սեփականատիրոջ թոռը: Նախնական տվյալներով՝ 23-ամյա Արթուր Հակոբյանը գերազանցել է սահմանված արագությունը, ինչի արդյունքում չի հասցրել ժամանակին արգելակել: Նա, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով բախվել էին 3 մեքենաներ: Պատահարի հետեւանքով 11-ամյա աղջիկ է մահացել, 3 մարդ, որոնք զոհվածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

«Զինված խմբի» գործով այսօրվա դատական նիստում շարունակել են հարցաքննել անջատված մասով մեղադրյալներին. նրանց մեղադրում են խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին զենք փոխանցելու մեջ: Վերջիններն ուշագրավ մանրամասներ են պատմել Երեւան զենք տեղափոխելու մասին: Վկաներից Հակոբ Հակոբյանը խոսել է գործին Հայր Անտոնի առնչության մասին՝ պնդելով, որ հոգեւորականը կապ չունի զենքի փոխադրման հետ: Հակոբյանը տաքսի ծառայություն է մատուցել Արթուր Վարդանյանին՝ պարբերաբար զենք տեղափոխելով Երեւան: Նա վստահեցրել է, որ հերթական անգամ զենք տեղափոխելիս կանչ է ստացել նաեւ ռադիո «Մարիամ»-ից եւ որոշել է միաժամանակ մայրաքաղաք բերել նաեւ Հայր Անտոնին: Ըստ մեղադրյալի՝ վերջինը տեղյակ չի եղել, որ մեքենայում զենք կա:

Ամերիկյան Սենատի հանձնաժողովը կառավարությանն արգելել է զենք մատակարարել Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությանը: Պատճառը մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ցույցի ժամանակ տեղի ունեցած միջադեպն է: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ակցիայի մասնակիցների վրա ու ծեծել նրանց: Այս փոփոխությունն արդեն կներառվի 2018 ֆինանսական տարվա օրինագծում: Հիշեցնենք, որ մայիսի 16-ի միջադեպից հետո 19 անձանց, այդ թվում՝ Էրդողանի 15 թիկնապահների մեղադրանք է առաջադրվել ցուցարարների վրա հարձակվելու համար:

«Իրմա» հզոր փոթրիկը մոտենում է Ֆլորիդային: Այն Ֆլորիդայի ափերին կհասնի կիրակի: Նահանգի բնակիչներին արդեն տարհանում են կամ տեղավորում ապաստարաններում: Իրենց տները լքում են նաեւ տեղի հայերը: Հայկական եկեղեցին արդեն փակվել է: Կարմիր խաչի տվյալներով՝ «Իրմա» փոթորկի հետեւանքով Կարիբյան ավազանի կղզիներում ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել, եւս 26 մլն մարդ վտանգի տակ է:

Հզոր փոթորիկն ավերել է Բարբադոսի գրեթե բոլոր շենքերը եւ էլեկտրականությունից զրկել Պուերտո Ռիկոյի բնակիչներին, Բարբուդա կղզին հիմնովին ավերվել է, մեծ վնաս են կրել նաեւ Սեն Բարտ եւ Սեն Մարտեն կղզիները: Մինչ այդ Ատլանտյան օվկիանոսում եւս մեկ փոթորիկ է մոլեգնում՝ «Խոսե»-ն: Վտանգավորության երրորդ մակարդակի հասած այս փոթորիկը նույնպես շարժվում է Կարիբյան ավազանի ուղղությամբ:

Սեպտեմբերի 8-ին դոլարը փոքր-ինչ արժեզրկվել է, իսկ եվրոն թանկացել է՝ վերջին օրերի արդյունքներով ամրապնդվելով 9 դրամով: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 576, ռուբլունը՝ 8 դրամ 38 լումա, բրիտանական ֆունտինը՝ 628 դրամ:

Սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն: