Լրագրողներին այսօր վերջապես հաջողվել է հարցեր ուղղել Կարեն Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնում նրա մեկ տարվա գործունեության վերաբերյալ: Սեպտեմբերի 13-ին լրացավ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին, այդ օրը նա Ազգային ժողովում էր, սակայն, խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովին, սակայն,  դա նրան չհաջողվեց:

Վարչապետը լարված էր, լրագրողների հարցերից սկսեց նյարդայնանալ: Որոշ հանրապետականներ հայտարարում են, որ 2018թ. ապրիլից հետո իրենք Սերժ Սարգսյանին են տեսնում որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը արձագանքեց՝ դրանք մասնավոր կարծիքներ են, ինքը կսպասի կուսակցության պաշտոնական դիրքորոշմանը։

Ի՞նչ է արել կառավարությունը մեկ տարվա ընթացքում. լրագրողները նկատեցին՝ կառավարության ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշները քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում։ Վարչապետը պնդեց՝ իրենց գրանցած ցուցանիշները լավագույնն են ԵՏՄ-ում եւ ԱՊՀ -ում, իսկ մաշկը գնահատման չափորոշիչ չէ:

Այնուամենայնիվ, Կարեն Կարապետյանն ընդունեց, որ մեկ տարին եւ կատարված աշխատանքները բավարար չեն քաղաքացու կյանքը փոխելու համար: Հայաստանի սոցիալական վիճակի մասին լրագրողների հետագա հարցերը արդեն հունից հանեցին վարչապետին: Հետո վարչապետը փորձեց լիցքաթափել  լարվածությունը` կատակելով։

Տարոն Մարգարյանը շարունակում է  զարմացնել մայրաքաղաքի գարշահոտության պատճառների վերաբերյալ իր մտքերով։ Նախորդ անգամ նա աղբահանությունից հետո մնացած կեղտաջրերի գարշահոտությունը բացատրել էր աղբի պարունակությամբ. հայերը ձմերուկ եւ սեխ շատ են ուտում: Այս անգամ նա ընդլայնել է մեղադրվողների շրջանակը․ պատճառը երկարատեւ շոգն է, որը քաղաքապետի համար անսպասելի է եղել:

Հանրության շրջանում մեծ աղմուկ էին բաձրացրել հայ մեծերի լուսանկարներով քարոզչական վահանակները. հայ մեծանուն մտավորականների կողքին հայտնվել է նաեւ Տարոն Մարգարյանի հոր, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը: Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ դա մասնավոր կազմակերպության նախաձեռնությունն է եղել, ինքը դրա մասին տեղյակ չի եղել: 

Արդյոք Անդրանիկ Մարգարյանի տեղը Թումանյանի եւ մյուսների կողքին էր՝ լրագրողները հետաքրքրվել են կրթության նախարարից։ Լեւոն Մկրտչյանը պատասխանել է՝ թեեւ նախկին վարչապետը գրող կամ արվեստագետ չէր, բայց մտավորական էր։ 

Հանրապետության հրապարակից այսօր բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կնոջն ու երեք երեխաներին, երբ նրանք թռուցիկներ էին բաժանում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին՝ ի գիտություն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, եւ որ նրանցից երկուսը Ժիրայր Սեֆիլյանն ու Կարո Եղնուկյանն են։ Փաստաբանի խոսքով՝ Եղնուկյանի կնոջը տարել են բռնությամբ, քանի որ Ռուզաննա Եղնուկյանը հրաժարվել է ոստիկանություն գնալ։ Ոստիկանությունում բացատրել են՝ անհայտ քաղաքացին զանգել եւ տեղեկացրել է, որ Եղնուկյանի ընտանիքի անդամների մոտ ռումբ կա, ինչից հետո է էլ նրանց բերման են ենթարկել: Ռումբ չհայտնաբերելու հետո ոստիկանները նրանց ազատ են արձակել։ 

Արդեն մի քանի օր համացանցի քննարկման գլխավոր թեման ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքն է։ Ռուսական լրատվամիջոցները փորձում են հաշվել՝ որքան գումար է ծախսել միլիարդատերը։ Միայն հարսի զգեստն արժեցել է առնվազն առնվազն 50 հազար եվրո, դա լիբանանցի հայտնի դիզայներ Զուհաիր Մուրադի ստեղծած հարսի զգեստի նվազագույն արժեքն է։ Եկեղեցու եւ սրահի ձեւավորումը կարող է 20 մլն ռուբլուց ոչ պակաս արժենալ:Հանգստյան օրերին Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկում տեղի ունեցած հարսանիքն ներկա էր Հայաստանի քաղաքական վերնախավը՝ այդ թվում Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը։ Ծախսն ահռելի չափերի է հասնում, եթե դրան ավելացնենք նաեւ ռուսական եւ արտասահմանյան աստղերի ելույթները։ Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի կարողությունը 4.3 մլրդ դոլար է գնահատվում:

Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է։ Սեպտեմբերի 19-ին այն կազմել է 478, ֆունտինը՝  645, եվրոյինը՝  573, ռուբլունը՝ 8.23 դրամ։ 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն: