Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել եւ հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Այն հանդիսանում է ՀՀ զինված ուժերում իրականացվող միջնաժամկետ պլանավորման աշխատանքների արգասիքներից մեկը եւ մշակվել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդյունքների հիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը:

Նիստում նշվել է, որ նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաեւ ՀՀ ռազմական անվտանգությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: