Նամիբիայի հյուսիսում գտնվող Էտոշի ազգային պարկում ռնգեղջյուրը հարձակվել է որսագողերի վրա եւ նրանց փախուստի մատնել, հայտնում է Daily Mail-ը:
Որսորդ Լյութենի Մուհարուկուան ընկերների հետ Էտոշ է եկել, որ վաճառելու համար ռնգեղջյուրի եղջյուրներ ձեռք բերի: Դրանք մեծ պահանջարկ ունեն Ասիայում, որից ավանդական դարման են պատրաստում, որն իբր օգնում է տենդի, ռեւմատիզմի եւ շատ այլ հիվանդությունների դեմ:
Որսագողերը ռնգեղջյուրին չեն նկատել, այս պատճառով կենդանին կարողացել է նրանց վրա առաջինը հարձակվել: Մյուս որսորդների հետ Մուհարուկուան շտապել է փախչել, սակայն սայթաքել ու ընկել է: Կենդանին հասել է նրան եւ վնասել որսագողի ոտքը:
Ընկերները տուժողին թաքցրել են կից գտնվող լեռան վրա, որտեղ հաջորդ օրը նրան գտել է ոստիկանությունը: Մուհարուկուային ոտքի ծանր վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել: Նա բուժվում է իրավապահ մարմինների աշխատակիցների հսկողության ներքո:




























