ՌԴ իրավապահները ձերբակալել են մերձմոսկովյան Դոմոդեդովոյում երթուղային միկրոավտոբուսների վարորդների վրա կրակելուն մասնակցածներից մեկին: Ուժայինների վարկածով՝ «ԴՈՆ» մայրուղու 43-րդ կիլոմետրին «Ռանդ Տրանս» ԲԲԸ ներկայացուցչի սպանությունը կատարել է ծագումով ՀՀ-ից 25-ամյա հայը, հայտնում է «МК»-ն:
Երկու փոխադրողների միջեւ վեճի հանգուցալուծումը տեղի է ունեցել ապրիլի սկզբին: Հրաձգության մասին տեղեկությունը ոստիկանները ստացել են տեղական «ԵԿԱ» ավտոլցակայանի աշխատակիցներից, որոնք հայտնել են, որ իրենց ավտոլցակայանից ոչ հեռու ճամփեզրին իսկական մարտ է ընթանում:
Նրանց հայտնածից հետեւում էր, որ ինչ-որ կովկասցիներ մարդատար մեքենաների միջից սկսել են կրակել երթուղային միկրոավտոբուսների վարորդների վրա: Երբ նրանց փամփուշտները սպառվել են, նրանք փախել են անհայտ ուղղությամբ:
Չարագործները հեռացել են «Լադա», «Շկոդա Օկտավիա» ավտոմեքենաներով եւ «Մերսեդես» միկրոավտոբուսով: Պարզաբանման արդյունքը ողբերգական էր՝ 34-ամյա չեչեն Մուհամմեդ Ումալաթովը սպանվել էր թիկունքին արձակված կրակոցով: Հրազենային տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներով եւս 3 տղամարդ հոսպիտալացվել էին Դոմոդեդովոյի հիվանդանոցում: Նրանք բոլորն աշխատում էին «Ռանդ Տրանս» ԲԲԸ-ում:
Խուզարկուներին չի հաջողվել տաք հետքերով չարագործներին բռնել: Սակայն նրանք պարզել են, որ գնդակահարության պատճառը կարող էր լինել երկու ընկերությունների մրցակցությունը, որոնք ուղեւորների փոխադրումներով էին զբաղվում: Հայտնի է դարձել, որ տուժած կողմի եւ «Սատուրն Թրեւել» ԲԲԸ-ի միջեւ ուղեւորների համար վաղեմի պայքար էր ընթանում: Մի կողմը պնդում էր, որ օրինական ուղեւորափոխադրողն է, մյուս կողմն ասում էր, որ մրցակիցները երթուղիներն անօրինական ճանապարհով են ստացել եւ նրանց փոխադրամիջոցները պահանջներին չեն համապատագսխանում:
Օպերատիվ աշխատակիցները նաեւ պարզել են, որ «Սատուրն Թրեւելի» վարորդին միջադեպից մի քանի օր առաջ անհայտ տղամարդիկ ծեծել էին, եւ հնարավոր է՝ հաջորդած հրաձգությունը հարձակման պատասխանն էր: Ըստ պարկուճների՝ պարզվել է, որ կրակ էր բացվել «ՏՏ» եւ «Մակարով» ատրճանակներից, ինչպես նաեւ «Օսա» հրացանից: Իրազեկիչը հայտնել է 4 հարձակվողներից մեկի անունը, ով Մոսկվայի մարզի Օստորովեց գյուղի բնակիչ է, ոչ մի տեղ չի աշխատում:
Դրանից հետո քննիչները հարցաքննել են վկաներին, խուզարկություն կատարել տղամարդու բնակարանում, իսկ նրա նկատմամբ դաշնային հետախուզում են հայտարարել: Նրան հաջողվել է ձերբակալել մջադեպից միայն կես տարի հետո, Կրասնոդարում: Կասկածյալը թաքնվում էր ազգականների մոտ:
Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ քննչական համալիր գործողություններ, որոնք ուղղված են ապացուցողական բազայի ամրապնդմանը: Քրեական գործի քննությունը շարունակվում է:


























