Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տարվա սեպտեմբերի 13-ին, տեղեկատվության հարցում է ներկայացվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Այս առնչությամբ, ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Դրանով ակնկալում էինք տեղեկատվություն ստանալ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, նրանց գործառույթների ու առանձին ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ:

ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն վերջին մասի վերաբերյալ, իսկ մյուս մասերի առնչությամբ նշել, որ ՀՀ Կառավարության որոշումներով դրանք համարվում են գաղտնի տեղեկատվություն, եւ տրամադրել չեն կարող: Հավելել է նաեւ, որ ՀՀ Ոստիկանության զարգացման 2017-2022  թվականների մշակվող հայեցակարգում առաջարկություն է ներկայացվելու դրանք գաղտնազերծելու վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ մասով եւս ՀՀ Ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2017 թ. հոկտեմբերի 23-ին հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: